Օբաման Ռուսաստանին խորհուրդ է տվել ընտրել այլ ուղի
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները կմեղմացվեն միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն Ուկրաինայի արևելքի հակամարտության հանդեպ ընտրի այլ ուղի:
Այս մասին G20-ի գագաթաժողովի շրջանակներում նա հայտարարել է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի առաջնորդների հանդիպման ժամանակ. «Մենք չենք ցանկանա Ռուսաստանը տեսնել որպես մեկուսացված, ինչպես որ ներկայումս է: ԱՄՆ-ը նախընտրում է Ռուսաստանը տեսնել գլոբալ տնտեսությանն ամբողջովին ինտեգրված»:
Օբամայի խոսքերով` Ռուսաստանի իշխանությունները շարունակում են աջակցել Ուկրաինայի արևելքի իշխանություններին և մասնավորապես նրանց տրամադրում է ծանր սպառազինություն: Օբաման ընդգծել է, որ դա խախտում է մինսկյան պայմանավորվածությունները, ինչպես նաև միջազգային սկզբունքները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր հերթին հայտարարել է, որ G20-ի գագաթաժողովի դրական արդյունքն այն է, որ ԵՄ-ի երկրներն ու Ամերիկան հստակ հասկացնել տվեցին Ռուսաստանին, թե ինչպես են իրենք արձագանքելու ուկրաինական ճգնաժամի խնդրին: