ՀՀ արդարադատության խորհուրդը խախտումներ չի նկատում

2014 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Հայկ Մովսիսյանի գործով բողոքի քննությունը: Բազմիցս անդրադարձել ենք Հայկ Մովսիսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործին, որով քննչական մարմինները, Հայկ Մովսիսյանի մահվան փաստը քննելով որպես ինքնասպանություն, հանցակազմի բացակայության հիմքով կարճել են, սակայն, Հայկ Մովսիսյանը չի ճանաչվել տուժող, իսկ նրա մայրը` Հեղինե Պետրոսյանը, տուժողի իրավահաջորդ, որի արդյունքում խախտվել են Հայկ Մովսիսյանի իրավունքները:

Հիշեցնենք, որ 2014 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Մարտիրոսյանը` առանց որևէ հիմնավորման, մերժելով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Ա. Զալյանի միջնորդությունը` տրամադրելու վարույթն իրականացնող մարմինների կողմից քրեական գործի բոլոր նյութերը, իր որոշմամբ մերժել է Հ. Մովսիսյանին որպես տուժող ճանաչելու պահանջը: 2014թ. հոկտեմբերի 31-ին կայացած ՀՀ վերաքննիչ դատարանի դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ նախագահող դատավոր Մ. Պետրոսյանը, սեփական նախաձեռնությամբ է դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ կարճված գործի նյութերը ստանալու համար:

Սակայն, դատարանի դիմումներին ի պատասխան թե՛ ՀՀ գլխավոր դատախազությունը, և թե՛ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, վերստին հրաժարվել են տրամադրել կարճված գործի նյութերը, նշելով, որ դրանք արդեն իսկ ներկայացվել են ընդհանուր իրավասության դատարան: Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ Ա. Զալյանը կրկին միջնորդեց դատարանին պարտավորեցնել վարույթն իրականացրած մարմիններին տրամադրել կարճված քրեական գործի բոլոր նյութերը: Դատարանը, քննարկելով միջնորդությունը, լսելով բողոքաբերի ներկայացուցչի դիրքորոշումը, բավարարեց ներկայացված միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով, ինչպես նաև բողոքի քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով, հետաձգեց բողոքի քննությունը՝ կարճված քրեական գործի նյութերն ստանալու համար:

Միաժամանակ հայտնենք, որ Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ Ա. Զալյանի և Ա. Սաքունցի կողմից ՀՀ արդարադատության խորհրդին ներկայացվել է դիմում՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Մ. Մարտիրոսյանին, թույլ տրված խախտումների հիման վրա, կարգապահական տույժի ենթարկելու պահանջով (տես՝ ներկայացված դիմումը), սակայն, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը իր որոշմամբ գտել է, որ «դատավոր Մ. Մարտիրոսյանի կողմից թույլ չեն տրվել դատավարական նորմերի էական, անվիճելի և անհերքելի խախտումներ» (տես՝ պատասխան գրությունը):

Այսպիսով, նույն գործի վերաբերյալ առաջին ատյանի դատավորը չբավարարելով միջնորդությունը, չունենալով գործի վերաբերյալ բոլոր նյութերը, կայացնում է մերժման որոշում, իսկ վերաքննիչ դատարանի դատավորը, գտնում է, որ առանց այդ նյութերի չի կարող իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, բավարարել է միջնորդությունը, սակայն, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Մարտիրոսյանի կողմից խախտում չի կատարվել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս