Շոտլանդացի ազգայնականների առաջին կին առաջնորդը հայտարարել է նոր հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին անգամ կինը դարձել է Շոտլանդական ազգայնական կուսակցության առաջնորդ: Խոսքը գնում է Նիկոլա Սթերջենի մասին, ով այդ պաշտոնում փոխարինելու է Ալեքս Սալմոնդին:
Համապատասխան որոշումը կայացվել է կուսակցության խորհրդաժողովում, որն անցկացվել է Էդինբուրգից հյուսիս ընկած Պերտ քաղաքում: Սթերջենը չի ունեցել մրցակիցներ: Նա մտադիր է կուսակցության հանրաճանաչությունը բարձրացնել նրա շարքերում երիտասարդներին ներգրավելով:
Սթերջենը զբաղեցնելու է ևս մեկ պաշտոն, որն ավելի վաղ պատկանում էր Սալմոնդին: Հաջորդ շաբաթ նրան պետք է հաստատեն Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնում: Սալմոնդը կուսակցությունը գլխավորել է 20 տարի, նա իր հեռանալու մտադրության մասին հայտարարել էր Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեի անցկացման հաջորդ օրը:
Հանրաքվեն անցկացվել էր այս տարվա սեպտեմբերի 18-ին: Հանրաքվեի մասնակիցների մոտ 55 տոկոսը կողմ էր արտահայտվել Միացյալ թագավորության կազմում Շոտլանդիայի մնալուն:
Սթերջենը հայտարարել է, որ Շոտլանդիան կանցկացնի անկախության մասին նոր հանրաքվե, ինչն իր գլխավոր նպատակն է. «Ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք անկախ: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ մեր քաղաքացիների մեծ մասը հանրաքվեի ժամանակ կքվեարկի դրա օգտին»: