Մոսկովյան դատարանը երկարաձգել է Եվտուշենկովի տնային կալանքի ժամկետը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի տնային կալանքը երկարաձգել է մինչև 2015 թվականի մարտի 16-ը: Դատարանը դրանով իսկ բավարարել է քննիչի ներկայացրած միջնորդությունը:
Ավելի վաղ հետաքննող կողմը դատարանին խնդրել էր չմեղմել Եվտուշենկովի տնային կալանքի պայմանները և դրա ժամկետը երկարաձգել չորս ամսով՝ ընդգծելով, որ Եվտուշենկովի մեղավորությունը հաստատվում է գործի նյութերով: Գործարարը կալանքի տակ էր վերցվել 2014 թվականի սեպտեմբերի 16-ին:
Եվտուշենկովը «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի ապօրինի վաճառքի գործով մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած գույքն օրինականացնելու մեջ: Միևնույն ժամանակ «Բաշնեֆտի» գործի հետաքննման ժամկետը երկարաձգվել է մինչև 2015 թվականի ապրիլի 28-ը: Քրեական այդ գործը հարուցվել է ընթացիկ տարվա ապրիլին: