Ահաբեկչական ակտ էր. ՀՀԿ-ական պատգամավորը՝ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի մասին
Ադրբեջանի ղեկավարության և զինված ուժերի գործողությունները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը մեկ բառով է բնութագրում՝ նենգություն: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ, ըստ նրա, ահաբեկչական ակտ էր.
«Որովհետև ուղղակի հարմար, կենդանի թիրախ ընտրել և իր ձեռքի տակ ունեցած խոցելի միջոցով այդ կենդանի թիրախը ոչնչացնել, ահաբեկչությունից բացի՝ ուրիշ անվանում չունի: Անկախ ամեն ինչից, մենք մեր հակառակորդին և թշնամուն շատ լավ ենք ճանաչում և կարծում ենք, որ այդ գործելակերպն ապագայում ևս շարունակվելու է»:
Խոսելով այն մասին, թե ինչու է աստիճանաբար այդ արկածախնդրային գործելաոճը ավելի անմարդկային դրսևորում ստանում, Ա. Դավթայնը նշեց, որ կա 2 գործոն, որոնք մենք հաշվի չենք կարող չառնել. «Նախ, ընդհանրապես, տարրական իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են Ադրբեջանում, և գիտենք նաև, որ տասնյակ, միգուցե նաև հարյուրավոր, քաղբանտարկյալներ կան Ադրբեջանում և արդեն որոշակի ակտիվություն է ցուցաբերվում ընդդիմադիրների կողմից:
Երկրորդ՝ գիտենք, որ նավթի համաշխարհային գների անկումը ևս որևէ լավ բան չեն խոստանում Ադրբեջանի համար: Տեսանք հուլիս-օգոստոսյան ամիսներին դիվերսիաները որևէ լավ եզրագծի չբերեցին Ադրբեջանի նախագահին, դրա համար ինչ-որ մի բան պետք է փորձեր, և այն, ինչ տեսանք, հենց այս տրամաբանության մեջ է»:
Ըստ պատգամավորի՝ մենք առնվազն 2 բան միշտ պետք է հաշվի առնենք՝ նախ պետք է զգոն լինենք և որևէ մի պարագայում այդ զգոնությունը չթուլացնենք, երկրորդ՝ անպայման պետք է համարժեք պատասխան լինի: Դա ևս պետք է չուշանա:
Խոսելով այս միջադեպի վերաբերյալ միջազգային արձագանքի մասին՝ նա միջազգային լրահոսից առանձնացրեց «Եվրոնյուզի» հաղորդումն այդ միջադեպի հետ կապված, որն, ըստ Ա. Դավթյանի՝ ամբողջական, օբյեկտիվ հաղորդագրություն էր. «Նախ նշվեց, որ այդ միջադեպը տեղի է ունեցել Ղարաբաղի ադրբեջանական ուժերի շփման գծում, երկրորդ՝ ասվեց, որ 1991-ին գրեթե 100 %-անոց հանրաքվեի արդյունքում Ղարաբաղը ինքնորոշվել է, որից հետո սկսել են պատերազմական գործողություններ, և Երևանի օժանդակությամբ Ղարաբաղը պաշտպանել և պահպանել է իր ինքնորոշումը: Առաջին անգամ, կոնկրետ ես, այդպես մեծ լսարան ունեցող լրատամիջոցի այդպիսի մեկնաբանությունը լսեցի:
Ի վերջո 3 երիտասարդներ զոհվել են, և, միգուցե, այդ ցավը մեզ թույլ չի տալիս, որ տեսնենք, որ իրականում արձագանքը ևս համարժեք էր տեղի ունեցածին»: