
Բաղդադն ու Էրբիլը հարթել են նավթի վաճառքին առնչվող տարաձայնությունները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զեբարին հայտարարել է, որ Իրաքի իշխանություններն ու Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչները հարթել են Բաղդադին քրդական նավթ վաճառելու կապակցությամբ առկա տարաձայնությունները:
Իրաքյան Քրդստանի իշխանությունները Բաղդադին մեղադրում էին նավթի վաճառքից ստացվող եկամուտներն անհավասարաչափ բաշխելու մեջ, ինչպես նաև պահանջում էին բարձրացնել Քուրդիստանում պետծառայողների աշխատավարձը, ինչը զգալիորեն ավելի ցածր է՝ համեմատած ողջ երկրի հետ:
Զեբարին հայտարարել է, որ Իրաքի իշխանությունները համաձայնվել են վճարել Քուրդիստանի պետծառայողների աշխատավարձը, ինչի դիմաց քրդերը պետք է Իրաքի դաշնային բյուջե վերադարձնեն օրական 150.000 բարել նավթ վաճառելուց ստացվող եկամուտները, ինչը հավասարազոր է քրդական նավթի արտահանման ընդհանուր ծավալի կեսին:
Ավելի ուշ այդ նորությունը գործակալությանը հաստատել է Իրաքյան Քրդստանի կառավարության ներկայացուցիչ Զաֆին Դիզային. «Մենք համաձայնվել ենք, որ Բաղդադը հատկացնելու է 500 միլիոն դոլար, իսկ Իրաքյան Քուրդիստանն օրական Իրաքին հատկացնելու է 150.000 բարել նավթի վաճառքի եկամուտները»:
Նա հավելել է, որ քրդական պատվիրակությունը մոտ ապագայում մեկնելու է Բաղդադ՝ իրաքյան իշխանությունների հետ մշակելու համար առավել համալիր համաձայնագիր: