
«Իսլամական պետությունը» և «Ալ-Քաիդան» դաշինք են կնքել. աղբյուր

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ու «Ալ-Քաիդա» խմբավորումները դաշինք են կնքել՝ ընդդեմ Սիրիայում իրենց հակառակորդների: Այս մասին հայտնել է սիրիական ընդդիմությունում գործակալության աղբյուրը:
Ահաբեկչական երկու կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի գիշերը, Հալեպից արևմուտք ընկած Ատարեբ քաղաքում: Աղբյուրի խոսքերով՝ այդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են դադարեցնել միմյանց միջև դիմակայությունն ու համատեղ գործողություններ ձեռնարկել ընդհանուր թշնամիների դեմ, ինչը մասնավորապես վերաբերվում է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիական ազատ բանակին:
Հանդիպման մասին տեղեկատվությունը հաստատել է ընդդիմության դաշտային հրամանատար Աբու Մուսաֆերը, որի խոսքերով՝ «Իսլամական պետությունը» և «Ալ-Քաիդան» պայմանավորվել են նաև Սիրիայի հյուսիսում համատեղ գործել քուրդ աշխարհազորայինների դեմ, ուր դեռ շարունակվում են մարտերը: