Եթե ադրբեջանցիները տեսնեին, որ ուղղաթիռը զինված է, նրանք վախից չէին կրակի. Կոմանդոս

«Միշտ, չգիտես ինչու, մեզ վրա հարձակվում են, հետո մենք պատասխանում ենք»,-168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ խոսելով երեկ՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ հայկական ուղղաթիռի պայթեցման մասին:

Կոմանդոսն այն կարծիքին է, որ պետք է նախօրոք ադրբեջանցիներին ցույց տալ մեր ուժը, որպեսզի նրանք չհամարձակվեն նման գործողություններ իրականացնել:

Ըստ նրա՝ եթե մեզ խփում են, մենք նույնպես պետք է իրենց խփենք. «Եթե նրանք չզգան մեր ուժը, նրանք այդպես միշտ կշարունակեն: Նրանց խնդիրն է ճնշումն իրենց ձեռքերում պահել: Եվ ամեն անգամ նրանք կփորձեն այդ ճնշումը մեծացնել: Դրա համար անհրաժշետ է այնպիսի մեթոդներ կիրառել, այնպիսի կանխարգելող հարվածներ տալ, որ պատերազմ չլինի: Ես կարծում եմ, որ անպայման պետք է պատասխանել: Առավել ևս, որ իրենք են սկսել: Ուղղաթիռը զինված չէր, այն թռչել է առանց ռակետների: Եթե ադրբեջանիցները տեսնեին, որ ուղղաթիռը զինված է, նրանք վախից չէին կրակի: Նրանք տեսել են որ դա ուսումնավարժական թռիչք է, զինված չէ, դրա համար կրակել են»:

Ա. Տեր-Թադևոսյանը նկատեց, որ երբ ամռան ամիսներին լարվածություն էր սահմանին, մեր ղեկավարությունը ասում էր՝ «ահա, նրանք մեզ կրակել են, 4 հոգի է զոհվել, պետք է պատախանել». «Հետո մենք պատասխանեցինք նրանց: Ինչո՞ւ ենք սպասում մինչև մեզ կրակեն, հետո կրակենք: Ի՞նչ է, նախօրոք չէի՞նք կարող կրակել»:

Մեր հարցին՝ դուք որոշ ժամանակ առաջ էլ էիք ասում, որ պետք է կանխարգելիչ հարձակումներ կատարել, չե՞ք կարծում, որ այդ պարագայում էլ պատերազմը վերսկսելու ռիսկերը կմեծանան, Կոմանդոսն այսպես պատասխանեց.

«Մեր հասարակությունը, հայերը մտածում են ադրբեջանական բանակն այնքան ուժեղ է, որ կարող է պատերազմել: Ադրբեջանական բանակը բազմազգ է, նրանք ունեն էթնիկ խնդիրներ, դավանանքի խնդիրներ: Նրանք ընդհանուր թշնամի են ուզում՝ համախմբվելու համար: Իսկ այդ ընդհանուր թշնամին հայերն են: Եթե այնտեղ բոլորն այդպես ուզեին, վաղուց պատերազմ կլիներ»:

Հարցին էլ՝ այսինքն՝ ադրբեջանիցները պատրաստ չե՞ն պատերազմի, ու ամեն դեպքում պատերազմը չի՞ վերսկսվի, Կոմանդոսը համաձայնեց՝ ասելով.
«Իհարկե պատրաստ չեն: Պետք է հասկանալ՝ Ադրբեջանի ներսում ինչ է կատարվում: Ես չեմ կարծում, որ իրենք պատրաստ են կամ ուզում են պատերազմ»:

Տեսանյութեր

Լրահոս