Բաժիններ՝

Միջազգային երաշխավորությամբ գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը

Հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական ուժերի կողմից հրադադարի հերթական խախտումների շարքից դուրս է գալիս. ոչ անպայման այն իմաստով, որ սա դիպուկահարների գործողություններից կամ անդադար կրակահերթերից տարբերվում է: Այլ հատուկ քաղաքական նպատակ հետապնդող քայլ է՝ իրականացված Բաքվի իշխանությունների կողմից:

Իհարկե, դեպքի հանգամանքները պարզելը օգտակար է: Նկատել, որ այն զինված ուղղաթիռ չէր, որ ադրբեջանական սահմանը չէր հատել. որ Ադրբեջանն այդ բոլորի հակառակը փաստելու համար պետական բարձրագույն մակարդակով կազմակերպեց տեսանյութային ապատեղակատվություն, հետզհետե ավելի պարզ եւ համոզիչ է դառնում բոլորի համար:

Խնդիրը այն է, որ առաջին անգամ չէ, որ հայկական ուղղաթիռներն ուսումնավարժական թռիչքներ են կատարում օդային նույն տարածքների սահմաններում: Թե Բաքուն ի՞նչ նպատակ ունի այս հարվածով, որոշակի առումով պարզ կդառնա, եթե կարդանք ադրբեջանական աղբյուրների թողարկած հետեւյալ հաղորդագրությունը.

Ադրբեջանի արտգործնախարարությունը նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ոչ թռիչքային գոտի է հայտարարել «օկուպացված տարածքների օդային տարածությունը եւ ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին»:
Ուրեմն հարվածել հայկական ուղղաթիռը, պատրվակելով, որ այն զինված է եղել եւ թե հատել է ադրբեջանական սահմանը կամ «օկուպացված տարածքը», հայտարարելու համար ոչ թռիչքային գոտի:

Բաքուն անհանգիստ է Արցախի օդային տարածքի գործարկման հավանականության բարձրացման դիմաց: Խնդիրը վերաբերում է ոչ միայն հայկական ուղղաթիռներին, այլ նաեւ քաղաքացիական ճամբորդատար թռիչքների իրականացմանը. պարզ խոսքով, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը:

Հիմա այն պահն է, որ հայկական կողմը առավելագույն քաղաքական աշխատանքներ ծավալի պահանջելու միազգային երաշխիք Արցախի օդային տարածքի անվտանգության համար: Հիմա պահն է, որ պատասխանատվությունների համահավասարեցման խաղը կանգ առնի եւ իրերը կոչվեն իրենց անուններով: Պատասխանատվության մատնանշմանը բնականաբար կհաջորդի դատապարտում: Ուսումնավարժական նպատակով թռիչք իրականցնող ուղղաթիռի խոցումները կանխարգելելու համար միջազգային հանրությունը պետք է երաշխավորի օդային անվտանգ տարածք Արցախին:

Ուրեմն, եթե հայկական ուղղաթիռի խոցումով Բաքուն հետապնդում էր Արցախը ոչ թռիչքային գոտի հայտարարել, հայկական կողմը, պետական, հասարակական եւ Սփյուռքյան լոբբինգային ուժերի լարումով այս պահը լիարժեք պետք է օգտագործի ապահովելու համար Արցախի թռիչքային անվտանգ գոտի հայտարարությունը:
Միանշանակ համոզիչ է ու արդարացված, որ պատասխանը ցավոտ պիտի լինի Ադրբեջանի համար, որի զինվորաքաղաքական իշխանությունները կրում են պատահարի ամբողջ պատասխանատվությունը եւ դրանից բխող բոլոր հետեւանքները: Արդար է նաեւ յուրաքանչյուր հայ զոհի փոխարեն հավելյալ դիրքեր նվաճելու նախապես հայտարարված եւ այժմ պահանջի վերածված տրամադրությունները:
Հայկական ուղղաթիռի պատահարը սահմանային հերթական դեպք չէ: Քաղաքական նպատակուղղվածությամբ իրականացած գործողություն է: Հայկական համարժեք պատասխաններին առընթեր քաղաքական առավելություն ապահովելու հրամայականը ինքն իրեն զգալի է դարձնում: Այդ առավելությունը Արցախի թռիչքային գոտու ապահովումն է: Միջազգային երաշխավորություններով Ստեփանակերտի օդականավայանի գործարկումը:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս