«Հայազնի» բաց նամակը ՀՀ Սահմանադրական դատարանին
«Ձեր քննությանն է ներկայացված Եվրասիական Տնտեսական Միությանը միանալու Հայաստանի Հանրապետության պարտավորությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Ակնհայտ է, որ ԵՏՄ-ին միանալու որոշումն՝ արդեն ամրագրված և ապագայում ստանձնվելիք պարտավորությունների տեսանկյունից կոպտորեն ոտնահարում է ՀՀ ինքնիշխանությունը, հակասում է գործող Սահմանադրության տառին ու ոգուն և անմիջական վտանգ է ներկայանցնում Հայոց պետական անկախությանը: Ռուսական կայսրության վերականգնման կրեմլյան ծրագրերը այլևս ոչ մեկի համար գաղտնիք չեն:
Պետականության կորստի ներկա սպառնալիքը Հայաստանի տարբեր տարիների կառավարիչների և ողջ քաղաքական վերնախավի հետևողական անսկզբունքայնության, Հայոց պետականությանն ուղղակի չհավատալու, արտաքին կողմնորոշումներին ապավինելու և օտարահաճ ստորաքարշությամբ դրանց տրվելու հետևանք է: Իշխող վարչախմբերը, չվաստակելով սեփական ժողովրդի աջակցությունը, ներքին օրինավորության պակասը ահագնացող զիջումների գնով շարունակաբար փորձել են փոխհատուցել արտաքին լեգիտիմությամբ՝ երկիրը ենթարկելով օտար ուժի կենտրոնների կամայականություններին: Որպես հետևանք՝ ներկա վարչախումբը կորցրել է անգամ արտաքին կողմնորոշումումների միջև սեփական կամքով ընտրություն կատարելու հնարավորությունն ու իրավունքը և բացահայտ հարկադրանքի ներքո կայացրել Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական հակամարտության մեջ ներքաշող անպատասխանատու և հանցավոր որոշում։
«Հայազնը», հավատարիմ մնալով ազգային-պետական ինքնիշխանության բացարձակ գերակայության՝ որևէ վերպատական կազմավորմանը չմինալու անդրդվելի սկզբունքին, վստահ է, որ Հայաստանում ազգային-պետական համակարգի անխուսափելի համապարփակ փոփոխություններից հետո առաջին իսկ իսկապես ազգային կառավարությունը ոչ միայն չեղյալ կհայտարարի բոլոր ստրկացնող քաղաքական ու տնտեսական համաձայնագրերը և կվերականգնի մեր երկրի ամբողջական ինքնիշխանությունը, այլև անողոք, բայց և արդարացի պատասխանատվության կենթարկի ներկայիս անխտիր բոլոր գործիչներին, որոնք մասնակիցել են հիշյալ հակապետական ազգադավ պայմանագրերի կնքմանը, վավերացմանը և իրականացմանը:
Արդարամտության և զգոնության հորդոր ենք հղում ձեզ` հույսով, որ ձեր կայացնելիք որոշմամբ չեք հանցակցի Հայոց պետության ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ ոտնձգություն կատարող և վերահաս ծայրագույն խստությամբ պատժվելիք դավաճաններին»:
«Հայազն» կուսակցության վարչություն
13 նոյեմբերի 2014թ.