Րաֆֆի Հովհաննիսյան. Շարժումը պատրաստ է դիմելու սահմանադրական բոլոր եղանակներին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անդրադարձը եւ իր առաջարկած Հռչակագիրը համաժողովրդական շարժում ստեղծելու վերաբերյալ:

«Խիստ ողջունելի է այս շրջանում գործընկեր կուսակցությունների հրապարակախոսությունը՝ ինչ էլ լինեն դրա դրդապատճառները: Իսկապես, ժամն է, որ Հայաստանի քաղաքացին եւ մեր հասարակությունը տեղեկացված լինեն ընթացիկ գործընթացների մասին, և որ քաղաքական անխտիր բոլոր ուժերն անցում կատարեն փակ պայմանավորվածություններից դեպի ժողովրդի համար թափանցիկ որոշումներ:

Ելնելով սրանից եւ նկատի առնելով այս տարվա ու, մասնավորապես, անցած ամիսների երեւացող եւ չերեւացող զարգացումները, ինչպես նաեւ վերջին շաբաթվա ընթացքում հրապարակված՝ կուսակցական եւ այլ տեսակետները, առաջ շարժվելու համար անհրաժեշտ ենք համարում հետեւյալ կամ համարժեք փաստաթղթի պաշտոնական ընդունումն ու ստորագրումը:

«Նախագիծ
Հռչակագիր
Համաժողովրդական շարժման

Մենք, ի կատար հայ ազգի եւ Հայաստանի քաղաքացիների կամքի, հայտարարում ենք Համաժողովրդական շարժման ստեղծման մասին:

Շարժման հիմնական նպատակն ազատ, անկախ եւ սահմանադրական Հանրապետության հաստատումն է:

Դրան հասնելու հիմնական միջոցն է անհապաղ, ամբողջական եւ համակարգային իշխանափոխությունը՝ նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրամայականով, որի միակ թիրախը ժողովրդին եւ քաղաքացուն պատկանող հաշվետու, իրավակարգ իշխանության ձեւավորումն է:

Այս ուղղությամբ Շարժումը պատրաստ է դիմելու սահմանադրական բոլոր եղանակներին՝ մասնավորապես Հայաստանի ամբողջ տարածքով մեկ գործարկելով կենտրոնակայաններ (շտաբներ) ու զորակցման օղակներ, հաստատելով համապետական նշանակության քաղաքական խորհուրդ եւ հարակից այլ մարմիններ:

Շարժմանը վերաբերող բոլոր որոշումներն ընդունվում են բացառապես մեր միակարծության (consensus-ի) հիման վրա:

Շարժումը բաց է յուրաքանչյուր հայի ու հայաստանցու առջեւ:

Ուստի հանուն Հայրենիքի, մեր ժողովրդի եւ նրա ապագայի, մենք ստորագրում ենք սույն Հռչակագիրը մայրաքաղաք Երեւանում, 2014 թվականի նոյեմբերի –ին»:

 Հ.Գ. Եվ ոչ միայն: Սերժ, Բակո, Սեյրան, Մովսես, տղերք՝ մի մասդ դե յուրե, մյուսդ դե ֆակտո, արդեն գրեթե միեւնույնն է: Արցախի պետականության հռչակումից 23 տարի անց՝ քանի ուղղաթիռներ, սպաներ, զինվորներ, հայ մարդիկ պետք է թշնամու գնդակից ու «դիվանագիտությունից» զգետնվեն, որ վերջապես հասկանաք ՁԵՐ եւ ՄԵՐ մեղքն ու սխալը՝ թե ներքին, թե արտաքին: Խոնարհվում ենք նրանց առջեւ:

Պետք է անմիջապես ճանաչել Արցախն ու իր տարածքային ամբողջականությունը եւ լծվել համազգային զորախմբման, իսկ դրա համար՝ կարող է ցավալի լինել, բայց հարկ է վեընթերցել վերոնշյալ հրամայականը:

Մարդ լինենք, տղամարդ լինենք, հայ լինենք՝ եւ ուրիշ ոչինչ: Սուրբ պատարագից՝ «Սա է ժառանգությունը քո»»:

13 նոյեմբեր 2014
Երեւան

 

Տեսանյութեր

Լրահոս