
Օտար զորքերի դուրս բերումից հետո Աֆղանստանը կարող է վերածվել թմրապետության. ՄԱԿ

ВВС-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ թմրանյութերի ու հանցագործությունների հարցերով վարչությունը զեկույց է պատրաստել, որի համաձայն՝ 2014 թվականին Աֆղանստանում ափիոնի կակաչի բերքահավաքը հասել է ռեկորդային մակարդակի:
Զեկույցում նշված է, որ այս տարի Աֆղանստանում ափիոնի արտադրությունն աճել է 17 տոկոսով, իսկ կակաչի ցանքատարածություններն աճել են 7 տոկոսով՝ հասնելով 224.000 հեկտարի: Ափիոնի կակաչի բերքահավաքը հիմնականում բաժին է ընկել Աֆղանստանի հարավին ու արևմուտքին:
Վարչության ղեկավար Յուրի Ֆեդոտովը զգուշացրել է, որ օտար զորքերի դուրս բերումից հետո Աֆղանստանը կարող է վերածվել թմրապետության: Աֆղանստանը հերոինի խոշորագույն արտադրողն է աշխարհում, որի զգալի մասն ուղարկվում է Ռուսաստան: