
Մոլդովան լուրջ քայլեր է գործադրում՝ «Գազպրոմից» ունեցած կախվածությունը նվազեցնելու համար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովան մտադիր է իր էներգոռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացման ու էներգետիկ անվտանգության ապահովման պլանում փոխառել Լիտվայի փորձը:
Այս մասին Քիշնևում Լիտվայի դեսպան Ռիմանտաս Լատակասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ադրիան Կանդուն:
Նա ընդգծել է, որ այդ համատեքստում Մոլդովայի իշխանությունները մտադիր են Յասսի-Ունգենի գազատարը երկարաձգել մինչև Քիշնև: Լիտվայի դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել Քիշնևին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն:
Սրանից առաջ՝ հոկտեմբերի կեսին, Կանդուն հայտարարել էր, որ Քիշնևը մտադիր է արևմտյան գործընկերների ֆինանսական աջակցությամբ Դանուբի ափին գտնվող կառուցել հեղուկացված գազի տերմինալ ու ստորգետնյա գազապաստարան: Ներկա դրությամբ Մոլդովան 100 տոկոսով կախված է ռուսական գազի մատակարարումներից:
Ռումինա-մոլդովական Յասսի-Ունգենի գազատարը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այս տարվա օգոստոսի 27-ին, Քիշնևի գնահատմամբ՝ կարող է կարճաժամկետ հեռանկարում ռուսական գազի մատակարարումներից Մոլդովայի կախվածությունը 100 տոկոսից նվազեցնել մինչև 95 տոկոսի:
Ռումինական գազ կարող են ստանալ Մոլդովայի միայն երկու սահմանամերձ շրջաններ, սակայն նրանք դեռ չեն ստացել այն և հայտնի չէ, թե երբ կստանան, թեպետ Մոլդովայի իշխանությունները հայտարարել էին, թե դա պետք է տեղի ունենար արդեն սեպտեմբերից: