Սկեսուրը փայտով հարսին 5-6 անգամ հարվածել է. դատարանը նրան մեղավոր է ճանաչել

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ սկեսուրը մեղավոր է ճանաչվել հարսի առողջությանը դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու մեջ՝ դատապարտվելով 50 հազար դրամ տուգանքի:

Ըստ կնոջն առաջադրված մեղադրանքի՝ նա և հարսը տանը միայնակ են եղել, և այդ ժամանակ կենցաղային հարցերի շուրջ նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում հարսը ետ է շրջվել և գնացել իր ննջասենյակ, սակայն սկեսուրը, վիրավորված լինելով նրա նմանատիպ արհամարհանքից, հետևել է և հարսին ննջասենյակում փայտով 5-6 անգամ հարվածել ու մարմնական վնասվածքներ է հասցրել, որից հետո հեռացել է:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալի աթոռին հայտնված սկեսուրն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ իրենց հետ է բնակվում իր մեծ որդին՝ կնոջ երկու մանկահասակ երեխաների հետ: Իր և հարսի միջև հաճախակի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություններ են տեղի ունեցել, իսկ պատճառն այն է եղել, որ նա մաքրասեր չէ, լեզվանի է, կենցաղային տարբեր հարցերի շուրջ անհաշտ է:

Դեպքի օրն իրենց տան պատուհանները փոխարինել և տեղադրել են նոր եվրոպական արտադրության պատուհաններ, որի պատճառով ամբողջ տունը շինարարական աղբով էր պատված եղել, իսկ հարսն ամուսնու և երկու երեխաների հետ գնացել է իր հայրական տուն և կեսօրին վերադարձել ետ: Նույն օրը՝ կեսօրին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր որդու հետ, որից հետո որդին դուրս է եկել տանից:

Դրանից մի քանի ժամ անց հարսին հարցրել է, թե՝ «ինչի՞ տան պատուհանների փոխելու հետևանքից առաջացած շինարարական աղբը չես հավաքում», այդ ժամանակ հարսը կոպիտ պատասխանել է, թե՝ «լավ եմ անում, դու ո՞վ ես, որ ինձ ասես», որից հետո շրջվել և գնացել է իր ննջասենյակ, սակայն ինքը վիրավորված լինելով իր հարսի նման արհամարհանքից, գնացել է նրա հետևից ննջասենյակ՝ պարզաբանելու, թե ինչի իրեն նման արհամարհանք է ցուցաբերել, սակայն, երբ մտել է ննջասենյակ, հարսը նույնիսկ չի շրջվել իր կողմ, որի պատճառով զայրացել և ձեռքով 5-6 անգամ հարվածել է հարսի մարմնի տարբեր մասերին և հեռացել: Ըստ դատարանի վճռի՝ կատարվածի համար ամբաստանյալը զղջացել և խնդրել է մեղմ պատժել:

Ըստ դատարանի՝ տուժող ճանաչված հարսը ցուցմունք է տվել, որ իր և սկեսրոջ միջև հաճախակի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություններ են տեղի ունեցել, և ընթացքում միշտ փորձել են իրեն տանից դուրս հանել: Դեպքի օրը, երբ ինքը երկամյա երեխային ննջասենյակում քնեցնելիս է եղել, ննջասենյակ է մտել սկեսուրը և ձախ ձեռքում եղած փայտով, առանց որևէ բան ասելու, 5-6 անգամ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին ու հեռացել: Ամուսնու տուն վերադառնալուն պես պատմել է եղելությունը, որից հետո երկուսով երեխաների հետ հեռացել են տանից: Հաջորդ օրը կատարվածի մասին հաղորդում են տվել: Սկեսրոջ դեմ բողոքում է և պատժի հարցը թողնում է դատարանի հայեցողությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս