ՀՀԿ փոխնախագահ. Եթե Ռուսաստանից եռյակի գլուխը շոյեն, ապա թարս կշոյեն

Եթե Հայաստանում ցնցումներ լինեն, և ընդդիմությունը փորձի հեղափոխություն իրականացնել, դա դուր չի գա Ռուսաստանին: Այսօրվա ասուլիսում այսպիսի ուշագրավ հայտարարություն արեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, ում կարծիքով` այսօր Հայաստանը կայուն շրջանում է, իսկ Հանրապետականը շարունակում է իր բարեփոխումները:

Նա հայտարարեց. «Հանրապետականն այդքան խելոք, համեստ կուսակցություն չի, որ չդիմադրի հեղափոխությանը, իսկ դա նշանակում է ցնցումներ, ինչը որոշների դուրը չի գա»:

Ռազմիկ Զոհրաբյանը համաձայն չէ, որ իրենք «փշերով են ընդունել» ոչ իշխանական ուժերի առաջարկները` 12 կետանոց փաթեթը, բայց նաև նորմալ է համարում այն, որ իշխանությունն էլ իր հերթին քննադատում է ընդդիմությանը: Մյուս կողմից, նա դրական է համարում  Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը, որում նախագահն առաջարկել էր կառավարությանը վերանայել ոչ իշխանական եռյակի 12 կետերը. «Նախագահի առաջարկը` նորից նայել (12 կետերը), ասում է այն մասին, որ նախագահը մտածում է ոչ միայն այդ կետերի, այլ երկրի ընդհանուր կայունության մասին»:

ՀՀԿ փոխնախագահն այս մոտեցումը կարևորում է այն առումով, որ այսօր ընդդիմությունը` ի դեմս եռյակի, իշխանափոխության կոչեր է անում, և դա ստիպում է իրենց քայլեր ձեռնարկել երկրում կայունությունը պահպանելու համար:

Կարդացեք նաև

Խոսելով եռյակի մասին` Ռազմիկ Զոհրաբյանը չթաքցրեց, որ ավելի շատ համակրում է այդ միավորման այն հատվածին, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ), որն ավելի զուսպ է իշխանափոխություն պահանջելու հարցում, քան թե «էն մյուս ուժին», այսինքն` ՀԱԿ-ին, որը հեղափոխության կոչեր է անում: Իշխանության ներկայացուցչի խոսքով` ԲՀԿ ոչ թե արտահերթ իշխանափոխություն է ուզում, այլ պատրաստվում է 2017-18 թթ. հերթական ընտրություններին: Հետևաբար, քանի որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի պես «պետականամետ» ուժ է, լավ կլինի, որ նա միայնակ կամ մի քանի ուժերի հետ միասին դառնա առաջարկվող երկբևեռ քաղաքական համակարգի երկրորդ բևեռը. «Մենք ուզում ենք, որ ԲՀԿ-ն հզորանա, ուժեղանա, երկրորդ բևեռը ձևավորվի: Ընդհանրապես, բնության մեջ, տիեզերքում հակադրությունների միասնությունն է աշխատում, այսինքն` երկբևեռ կամ բազմաբևեռ: Եթե Հայաստանում չկա մի ուժեղ, հակադիր բևեռ, զարգացում չի կարող լինել»:

Ի դեպ, պարոն Զոհրաբյանը շտապեց Հայաստանը միացնել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ ), թեև տեխնիկական տեսանկյունից այդ պայմանագիրը սկսելու է գործել միայն 2015 թ. հունվարի 1-ից: Իսկ եռյակը, ըստ նրա, թեև հայտարարում է, որ կողմ է ԵՏՄ-ին Հայաստանի միանալուն, բայց իրականում դեմ է:

«Եռյակի ներսում որոշ ուժեր առաջարկում են շարունակել թեժ հանրահավաքները, մյուս մասն ասում է` ոնց որ թե խիստ անհրաժեշտ չէ այս պահին: Սա ստիպում է մեզ մտածել կայունության մասին, առավել ևս մենք հիմա մտել ենք ԵՏՄ ն և Հայաստանն այլևս ԵՏՄ անդամ է, շուտով խորհրդարանում էլ կհաստատվի, և պատկերացրեք, եթե լինում են ցնցումներ, այսինքն` իշխանափոխության կոչերը հատկապես եռյակի էն մյուս ուժի կողմից, մոտավորապես հեղափոխության նման բան են առաջարկում, եթե Հայաստանում ցնցումներ են, ապակայունացում է, դա նշանակում է` ցնցումները ԵՏՄ-ում են, և դրա համար Ռուսաստանից նրանց գլուխը չեն շոյի, եթե շոյեն էլ, ապա թարս կշոյեն»,- հայտարարեց Ռազմիկ Զոհրաբյանը:

Վերջինիս խոսքով` ոչ թե Մոսկվան պետք է որոշի Հայաստանի ներքին հարցերը, այլ իրենք պետք է այդ հարցերի շուրջ խորհրդակցեն ԵՏՄ անդամ երկրների հետ. «Եթե երկրում ցնցումներ են լինում, ապա դա նաև ազդելու է ԵՏՄ-ի վրա, որովհետև մենք արդեն անդամ ենք: Չի կարող լինել առանձին Հայաստան` իր խնդիրներով, հեղափոխական թեմաներով, և լինի առանձին տնտեսական միություն: Դրա համար` իրենց դուրն էլ չի գա»:

«Իսկ ԵՏՄ անդամներն ի՞նչ կապ ունեն մեր ներքաղաքական խնդիրների հետ», – հարցրեց լրագրողներից մեկը:

«Ուղղակի կապ ունեն, որովհետև մենք արդեն այդ միության անդամ ենք: Իրենք չեն թելադրում, բայց որոշակի խնդիրներում պետք է փոխհամաձայնություն լինի: Դա իմ կարծիքն է, որ այս ցնցումները, ապակայունությունը կարող է մի փոքր դուր չգալ Ռուսաստանին, քանի որ համար առաջին հզոր պետությունն ինքն է»,- պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը:

Տեսանյութեր

Լրահոս