Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին կոչ արեց հրավիրել Վահրամ Բաղդասարյանին (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարությանը, որ ինքը որոշ ընդդիմադիրների գործողություններից նավթադոլարների հոտ է առնում։

«Նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդդիմությանը կամ կոնկրետ անձին մեղադրել է ալիևյան նավթադոլարներից ֆինանսավորվելու և այստեղ՝ ԱԺ-ում համապատասխան գործողություններ ծավալելու կապակցությամբ։ Ես, անկեղծ ասած, զարմացած եմ, որ մինչև հիմա ՀՀ համապատասխան մարմինները՝ ԱԱԾ-ն, չի հետաքրքրվել այդ հայտարարությամբ և ես սրանով ՀՀ ԱԱԾ-ին կոչ եմ անում և ուշադրությունն եմ հրավիրում այդ հայտարարության վրա։

Թող պրն Բաղդասարյանին հրավիրեն, տեսնենք՝ էդ ովքեր են նավթադոլարներից սնվողները։ Որովհետև եթե իսկապես էդպիսի մարդիկ կան, նրանց գործունեությունը պետք է բացահայտվի։ Իսկ եթե չկան, եթե հետաքննությանը համապատասխան փաստեր չներկայացվեն, պետք է արձանագրենք, որ իշխանության համար Ալիևը ծխածածկույթ է, որով ուզում են մարդկանց ուշադրությունը շեղել, ծխածածկույթի տակ անել իրենց մութ գործերը։ Տվյալ դեպքում՝ իշխանության մասին է խոսքը։

Եվ ես ուզում եմ արձանագրել, որ այս պրոցեսին հետևողական ենք լինելու, որովհետև կամ պիտի պարզվեն նավթադոլարներից ֆինանսավորվողները, կամ էլ պիտի արձանագրենք, որ ոմանք հայտնվում են այն կարգավիճակում, որի մասին դեռևս 18-րդ դարում խոսել է ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը։ Նա ասել է՝ հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութը՝ Tert.am-ի

Տեսանյութեր

Լրահոս