Արժեզրկված ռուբլին և անարժեք տրանսֆերտները. հայաստանցիները վարկերը փակելու խնդրի առաջ են կանգնել. ԳԱԼԱ
Այս փուլում Ռուսաստանի թուլացող տնտեսությունն իր անխուսափելի ազդեցությունն է թողնում Հայաստանի վրա: Ռուսական ռուբլին օրեցօր արժեզրկվում է, Հայաստան ներմուծվող տրանսֆերտները գրեթե արժեք չունեն: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչ Մեսրոպ Վալեսյանի երկու որդիները ՌԴ-ում են: Գրեթե ամեն ամիս ծնողներին գումար են փոխանցում, սակայն հայրն ասում է, թե փոխանցվող գումարը Հայաստանում այլևս արժեք չունի. «Գումարը գալիս հասնում է Հայաստան, դառնում է չնչին բան: Մի քանի օր առաջ որդիներս ՌԴ-ից գումար էին ուղարկել, ռուբլու արժեքն այնքան է ընկել, որ ես 60 հազար դրամ կորցրեցի: Դա Հայաստանում մեկ ամսվա աշխատավարձ է, և մեկ ընտանիքի գոյություն է պաշտպանում այդ գումարը: Այսինքն այնտեղ չարչարվում աշխատում են, մեծ դժվարությամբ վաստակում, ճանապարհում, որ մենք ապրենք այստեղ, բայց այստեղ փողն արդեն արժեք չի ունենում»,- ասաց Մեսրոպ Վալեսյանը:
Ընդ որում, մասնագետների կանխատեսումների համաձայն առաջիկայում տնտեսական խնդիրները Հայաստանում էլ ավելի կխորանան՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, և Հայաստանը, որի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, ուղղակի չի կարող առանց լրջագույն վնասների հաղթահարել ստեղծված ճգնաժամը: Մեր զրուցակիցը թվերի լեզվով է խոսում ու բերում հետևյալ օրինակը. «Անցած տարի ես իմ բրիգադով 36 հազար դոլար գումար եմ ներմուծել Հայաստան, այս տարի էլ կարող էինք նույնչափ ներմուծել, քանի որ Յակուտսկ դպրոց էինք կառուցում, բայց մեզ զրկեցին մեկնել ՌԴ, այսինքն Հայաստան այդքան տրանսֆերտ չի ներմուծվել, դե եթե հաշվենք, թե այս տարվա դրությամբ քանի հոգու են արգելել ու սահմանափակումներ են դրել, արդեն կարելի է պատկերացնել, թե ինչքան լուրջ է վիճակը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: