Բաժիններ՝

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի 140-ամյակին նվիրված հուշակոթողը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ նոյեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը: Գևորգյան հոգևոր ճեմարանի 140-ամյակին նվիրված հուշակոթողը կանգնեցվել է ազնիվ բարերարությամբ ռուսաստանաբնակ Հրաչյա Պողոսյանի:

Հուշակոթողի բացման կապակցությամբ խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

«Խորհրդավոր և խորհրդանշական օր է այսօր: Խորհրդավոր, որովհետև ասես հեռավոր դարերի խորքից մեզ են այցելել հայ դպրության նահապետները՝ Սուրբ Սահակն ու Սուրբ Մաշտոցը, որ այսուհետ և ընդմիշտ իրենց ամենատես հայացքի ներքո են պահելու Հայ հոգևոր և ազգային դպրության դարբնոցը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանը: Իսկ խորհրդանշական է պահն այս, որովհետև իրար են միահյուսվել պատմական, բերկրալի և ուրախական թվականներ, որ սակայն սոսկ թվանիշ չեն, այլ յուրաքանչյուրը մի բեկումնային պահ՝ հայ Ժողովրդի, Հայ Եկեղեցու, հայագիտության և հայկական մշակույթի զարգացման ընթացքում»,– ասել է նա:

«Եվ բոլորովին պատահական չէ, որ գրերի գյուտից 1610 տարի անց՝ Ճեմարանի 140-ամյակին, նոյեմբեր ամսվա այս արևոտ օրը՝ այն նույն վայրում, ուր Սահակն ու Մաշտոցը հիմնեցին առաջին դպրոցը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ և ազգային բարերար տիար Հրաչյա Պողոսյանի նվիրատվությամբ կանգնեցնում ենք մեր դպրության հիմնադիր սրբերի հուշակոթողը: Կան թվականներ, որ ուղղակի դրոշմված են յուրաքանչյուր հայի հիշողության մեջ՝ 301, 404, 451, 551, 1441, 1874… Դրանք վերաբերում են պատմական տարբեր իրողությունների, որոնք, սակայն, հետապնդել են միասնական նպատակ՝ պահել, պահպանել, ստեղծել, արարել ու բարձրացնել ամենայն ինչ, որ ազգային է, հայկական և հանուն հայկականության», – նշել է Գևորգ Սրբազանը:

Այս առիթով իր սրտի խոսքն է ասել մեծարգո բարերարը` միաժամանակ շնորհավորելով նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տասնհինգերորդ տարեդարձը:

Այնուհետև նախագահությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կատարվել է հուշակոթողի օրհնության կարգ:

Հուշակոթողի բացմանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբանները, Ռուս Եկեղեցու ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի առաջնորդական փոխանորդ, Սոլնեչնոգորսկի եպիսկոպոս Սերգիի, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչական ու դասախոսական անձնակազմը, սաները և բազում ուխտավորներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս