
Վրաստանում վարորդական իրավունքի համար քննությունները կանցկացվեն 3D հարցատոմսերով. ցանկացողները կարող են հանձնել հայերենով

Վրաստանում վարորդական իրավունքն ստանալ ցանկացողները դեկտեմբերի 15-ից տեսական քննությունը կհանձնեն 3D հարցատոմսերով, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳ նախարարությանը:
«Հարցատոմսերում կօգտագործվեն ֆոտո եւ տեսանյութեր՝ Թբիլիսիի, Քութաիսիի եւ Բաթումի փողոցներից»,-հայտնել են նախարարությունից: Յուրաքանչյուր հարցի հետ կլինի նաեւ տեսանյութ՝ իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար:
Ընդ որում՝ ցանկացողները հնարավորություն ունեն տեսական քննությունը հանձնել հայերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, աբխազերեն, օսերեն եւ անգլերեն:
Նախարարությունը պարզաբանում է, որ նոր տեսակի հարցատոմսերի ներդրումը պայմանավորված է ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ազգային օրենսդրությունը եվրոպականի հետ համապատասխանեցնելու հանգամանքով: