«Երիտասարդները իրենց լիդերներին «շեֆ» ասելով պտտվում են, չկա սերնդափոխություն» (տեսանյութ)

Անկախությունից հետո Հայաստանում տեղի չի ունեցել սերնդափոխություն: Այս կարծիքին է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, որն այսօր տեղի ունեցած Հայազն կուսակցության համագումարի ժամանակ նկատեց, որ մեր քաղաքական դաշտի թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական, և թե՛ ոչ իշխանական կառույցները ղեկավարվում են տարեցների կողմից.

«Գաղտնիք չեմ ասի, եթե պնդեմ, որ անկախ Հայաստանի թե՛ ընդդիմությունները, և թե՛ իշխանությունները, բացառությամբ առաջին իշխանության, որի օրոք Արցախն է ազատագրվել, բոլորը ձախողվել են: Ձախողվել են տարբեր պատճառներով, սակայն իմ կարծիքով՝ ձախողման գլխավոր պատճառը քաղաքական հին սերնդին պատկանելն է: Ճիշտ է, քաղաքական ուժերում կան երիտասարդ գործիչներ, բայց կարիք չկա ինքներս մեզ խաբելու, կարող ենք ուղղակի հարթակներում նայել ու տեսնել, որ այդ երիտասարդները հիմնականում կողքից կանգնած են և իրենց լիդերներին «շեֆ» ասելով պտտվում են»:

Ա. Մկրտչյանը նկատեց, որ կուսակցություններից ոմանց երիտթևերը ղեկավարում են 40-նն անց անձինք, ովքեր վաղուց կարելի է ասել, որ երիտասարդ չեն, և ծիծաղելի է նման երևույթը:

Նա նշեց, որ իրենցը նոր սերնդի քաղաքական ուժ է և նոր սերունդ են ներկայացնում, թեև ունեն նաև ավագ ընկերներ. «Մեր ասելիքը նաև նոր սերնդի քաղաքական թիմ լինելով է պայմանավորված: Կարծում եմ՝ մենք հետագա ժամանակահատվածում կկարողանանք արդարացնել անկախության սերունդ կոչվածի վրա դրված մեծ պատասխանատվությունը: Կեցցե՛ քաղաքական սերնդափոխությունը»:

Տեսանյութեր

Լրահոս