Քաղաքագետ. Նախագահը հրաժարվելու է սահմանադրական փոփոխությունների փաթեթից

«Վստահ եղեք` եթե նախագահը հրաժարվեց կամ չկանգնեց սահմանադրական փոփոխությունների տեսակետի վրա, 50 տոկոսով պարտությունը դառնում է իրական»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ում կարծիքով` իշխանության ներսում այսօր Եռյակի գործողությունների հետևանքով ցայտնոտ վիճակ է, իսկ ժողովրդի տրամադրության մեջ փոփոխությունների հսկայական պահանջ կա:
Քաղաքագետը համոզված է` եթե սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն ընդունվի, դա Հայաստանի համար աղետ է լինելու, բայց միաժամանակ կարծում է, որ Սերժ Սարգսյանը կհրաժարվի այդ նախաձեռնությունից:

«Դա կարող է վերջնականապես տրոհել Հայաստանը, Վրաստանի նման առաջացնել տևական խորհրդարանական ճգնաժամ: Եթե սահմանադրական փոփոխությունների փաթեթն անցավ, Հայաստանը դառնալու է բդեշխների և օտարերկրյա գործակալների` խորհրդարանում գործունեության վայր: Հանրապետական պատգամավորներից, նախարարներից յուրաքանչյուրն արդեն այնքան լավ է իրեն զգում, որ ուզում է հաղթի իր «օկրուգում», որպեսզի լինի իսկական բդեշխ: Դա Հայաստանի տարրալուծման իսկական ճանապարհ է: Այսօր Հայաստանում չկա քաղաքական կուսակցություն: Այն երկրներն են գնում պառլամենտարիզմի ճանապարհով, որոնք ունեն դասական կուսակցություններ»,- ասել է նա:

Լևոն Շիրինյանի կարծիքով` նախագահն այս իմաստով է մտահոգված և ի վերջո հրաժարվելու է սահմանադրական փոփոխությունների փաթեթից. «Կարծում եմ` նախագահը հրաժարվելու է. դրա համար է ընդմիջում վերցրել: Անմիջապես հրաժարվել չի ուզում»:

 

Տեսանյութեր

Լրահոս