«Եթե Ղարաբաղի պատերազմի ժամանակ ակտիվ էին չեչեն գրոհայինները, ապա հիմա էլ ակտիվ կարող են լինել ԻՊ գրոհայինները»
Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում` խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման մասին, ասաց, որ առհասարակ վերջին երեք հանդիպումները տարբերվում են նախորդներից, որովհետև որակապես փոխվել է այն ռազմաքաղաքական միջավայրը, որում ընթանում են այդ հանդիպումները:
«Սոչիի հանդիպումից հետո մենք տեսանք ռեալ արդյունքներ, երբ նվազեց ադրբեջանցիների կողմից ակտիվությունը, հետո դրան հետևեց հանդիպումը Ուելսում, իսկ վերջերս նաև Փարիզում: Կարծես այս հանդիպումները շարունակական են լինելու, որովհետև ԵԱՀԿ համանախագահ Ուորլիքը հայտարարել է, որ դեկտեմբերի 4-5-ին տեղի է ունենալու հանդիպում արտաքին գործերի նախարարների մակարդակով: Պլանավորված է նաև նախագահների հանդիպում, բայց հստակ ժամկետ դեռևս չի ասվում»,- ասաց նա:
Խոսելով այն մարտահրավերներից, որոնց առաջ կանգնած են Հայաստանն ու ինչ-որ տեղ նաև Ադրբեջանը, ասաց, որ ակնհայտ է ադրբեջանցիների դերակատարությունը «Իսլամական պետության» գործընթացներին:
«Եթե նախկինում կար հայտարարություն, որ իսլամիստները դեպի Մերձավոր Արևելք գնում են Ադրբեջանից և այդ գործում խառնված է Ադրբեջանի նախագահի անվտանգության ղեկավարի եղբայրը, իսկ մենք հասկանում ենք թե դա ինչ է նշանակում, ապա վերջերս եղավ մի շատ կարճ հաղորդագրություն, որ ադրբեջանցիները Մոսկվայում արդեն հավաքագրմամբ են զբաղված և դեպի Մերձավոր Արևելք են ուղարկում իսլամական գաղափարախոսությամբ հասունացած տարբեր մարդկանց: Դա նշանակում է, որ Ադրբեջանը բավական ներգրավված է այդ պատերազմում և ունի իր նկատառումները»,- նշեց նա:
Նա չմոռացավ նաև Թուրքիայի մասին, որն ըստ նրա` հետաքրքիր խաղ է վարում Մերձավոր Արևելքում` մի կողմից օգնելով, սպասարկելով իսլամիստներին, մյուս կողմից` հայտարարություններ տալով , որ միանում է նոր ձևավորված հակաիսլամիստական ճակատին. «Թուրքիան փորձում է օգտվել այս իրավիճակից և լիցքաթափել իր ներսում եղած քրդական շարժումը` ուղղելով նրանց արտաքին մարտահրավերների կողմը»,- նկատեց բանախոսը:
Ըստ Գ. Հարությունյանի`մեր դիրքերն այստեղ բավական հետաքրքիր են. «Եթե Ղարաբաղի պատերազմի ժամանակ ակտիվ էին չեչեն գրոհայինները, ապա հիմա էլ հավանական պատերազմի դեպքում ակտիվ կարող են լինել ԻՊ գրոհայինները: Միջազգային հանրություն ասվածը համառորեն շարունակում է պայքարել Բաշար Ասադի դեմ նույն իսլամիստների միջոցով: Իսկ նրանց հատուկ ծառայությունները վարժեցնում են ԻՊ զինյալներին»,-ասաց նա: