Եգիպտոսում մի քանի ժամվա ընթացքում երեք պայթյուն է գրանցվել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Եգիպտոսում պայթել է երեք ռումբ: Առաջին պայթուցիկ սարքը գործել է գնացքում, որը կանգնած է եղել Մինուֆիա նահանգի կայարաններից մեկում: Դրա հետևանքով զոհվել է երկու ոստիկան, վիրավորվել է 11 մարդ:
Մեկ ժամ անց պայթյուն է որոտացել Կահիրեի մետրոպոլիտենի կայարաններից մեկում: Բժիշկները հայտնել են երեք վիրավորի մասին: Իսկ վաղ առավոտյան էլ պայթել է Կահիրեում գտնվող նախագահական համալիրներից մեկի մոտ տեղակայված ինքնաշեն ռումբը: Դրա հետևանքով վիրավորվել է մեկ կին, որին բեկորային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Այդ պայթյունների պատասխանատվությունը դեռ որևէ մեկը չի ստանձնել, սակայն ոստիկանությունը կասկածներ ունի, որ դրանք կազմակերպել են գահընկեց արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի համակիրները: Հոկտեմբերին էլ Սինայի թերակղզում զոհվել էր 33 եգիպտացի զինվոր:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Եգիպտոսի զինյալները հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը»: