Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի հոկտեմբերին. Ռազմինֆո
Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման արդյունքների համաձայն, 2014-ի հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 1 զոհի մասին, վիրավորների մասին հաղորդագրություններ չեն եղել։
Կարող ենք փաստել՝ միտումները, որոնք նկատվում էին դեռևս նախորդ ամիս, իրենց շարունակությունն են գտել նաև հոկտեմբերին։ Խոսքը օգոստոսին գրանցված աննախադեպ մեծ թվով կորուստներին հաջորդած քաղաքականության մասին է, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն, ամենայն հավանականությամբ, փորձում է կոծկել արտակարգ միջադեպերը բանակում։
Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսին առաջնագծում իրավիճակի լարվածության և դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում ադրբեջանական կողմը հայտարարել էր 25 զոհի և 17 վիրավորի մասին, ինչն աննախադեպ էր, քանի որ նախկինում հակառակորդ երկրի պաշտպանական գերատեսչությունը երբևէ չէր ընդունել նման մեծ թվով կորուստների փաստը։
Վերոնշյալ իրադարձությունների ենթատեքստում կասկածելի է, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում հայտարարվում է միայն մեկ զինծառայողի մահվան մասին։
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ նույն օրը` ժամը 14։35-ի սահմաններում, «հայկական կողմի գնդակից» սպանվել է 1990-ին ծնված պայմանագարյին զինծառայող, կրտսեր սերժանտ Ահմադով Թուրալ Մահերրամ օղլուն։
Ի մի բերելով 2014-ի հունվար-հոկտեմբեր ամիսների մշտադիտարկման արդյունքները, նշենք, որ հայտնի է դարձել ադրբեջանական բանակում և ուժային այլ կառույցներում 81 հոգու կորստի և 108 վիրավորի մասին։ Համաձայն ադրբեջանական կողմի հաղորդած տվյալների, 81 զոհվածից 33-ը մարտական կորուստ են։