Բուրջանաձեի կուսակցությունը չի բացառում, որ Վրաստանում կարող են անցկացվել խորհրդարանական վաղաժամ ընտրություններ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցությունը չի բացառում, որ խորհրդարանը կցրվի ու կնշանակվեն խորհրդարանական վաղաժամ ընտրություններ, եթե «Իրակլի Ալասանիա – Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լքի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը:
Կուսակցության ներկայացուցիչ Դմիտրի Լորտկիպանիձեն հայտարարել է. «Եթե խորհրդարանին չհաջողվի բյուջեի նախագիծը հաստատել մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, կամ պոստերը լքի կամ էլ պաշտոնանկ արվի նախարարների կաբինետի 1/3-ը, ապա այդ դեպքում խորհրդարանի օրակարգում կհայտնվի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը»:
Լորտկիպանիձեն չի բացառում, որ «Վրացական երազանք» դաշինքը կարող է օրենսդիր մարմնում կորցնել մեծամասնությունը, ինչն արդյունքում կհանգեցնի նոր վարչապետի նշանակմանը.
«Եթե «Ալասանիա-Ազատ դեմոկրատներ» թիմը քաղաքական որոշման հիման վրա լքի դաշինքը, ապա Գարիբաշվիլին խորհրդարանում կզրկվի մեծամասնությունից: Հետևաբար վստահություն չի հայտնվի կառավարությանը: Տվյալ դեպքում Մարգվելաշվիլին կհայտարարի խորհրդարանական նոր ընտրությունների մասին ու կնշանակի Վրաստանի նոր վարչապետ»: