Աղբանոցից հավաքած շշերը՝ սոցիալապես անապահով ընտանիքի ապրուստ

asparez.am-ը գրում է.  Քաղաքի ծայրամասում, կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ, կիսակառույց մի տնակ, որն իր ամբողջ «շքեղությամբ» բնութագրում է ներսում ապրողների սոցիալական պայմանները:

Անտառավան 5-րդ թաղամասի տնակներից մեկում բնակվող Ղազարյանների ընտանիքը մեկն է Գյումրիում բնակվող այն հազարավոր ընտանիքներից, որոնք անօթեւանի կարգավիճակ չունեն, բնակարան ստանալու համար հերթացուցակներում չկան, իսկ քարաշեն բնակարան ունենալը միայն երազանք է իրենց համար: Թաղամասի 232/ 463 Ա հասցեի տնակն անգամ այս ընտանիքին չի պատկանում, չբնակեցված է եղել, իրենք էլ բնակվելու տեղ չեն ունեցել, եկել ու զբաղեցրել են այն:

-9-10 ամիս է, որ ստեղ ենք ապրում: Շաքարային դիաբետ ունեմ, մի քանի ամիս առաջ հիվանդանոց պառկա, երբ դուրս եկա հիվանդանոցից՝ պայմաններս էնքան վատ էին, որ ստիպված մեր սեփական դոմիկի ժեշտերը հանեցինք ծախեցինք ու եկանք էս տնակ: 9 մետրանոց մի տնակ ունեինք, անձրեւներից լրիվ փտել էր, փետերը բերել, ստեղ վառել ենք: Էս տան տերը մահացել է, ստեղ էլ լուսամուտ չկար, դուռը ջարդած էր, մենք եկանք, մի քիչ դզրտեցինք, որ ապրենք: Ճիշտ է՝ քարով է շարած, բայց ստեղ էլ կաթոցներ կան, մկներն ու կռիսները կվխտան, կոմունալ ոչ մի հարմարություն չկա, մենակ ջուրն է, որ կա,-պատմում է 40-ամյա Լուսինե Ղազարյանը:

3 հոգուց բաղկացած այս ընտանիքի միակ եկամուտը հաշմանդամության թոշակներն են եւ քաղաքային աղբանոցից հավաքված շշերից գոյացած գումարը. վերջինս օրական կազմում է ընդամենը 300-400 դրամ: Տիկին Լուսինեի տեղեկացմամբ՝ 51-ամյա ամուսինը եւ 17-ամյա որդին մտավոր հետամնացություն ունեն, դրա համար նրանք եւս թոշակ են ստանում: Սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող ընտանեկան նպաստից Ղազարյանների ընտանիքը չի օգտվում: Անդրադառնալով 17-ամյա որդուն՝ արցունք աչքերից սրբելով, կինը սկսեց պատմել.

-Տղես դպրոց էլ չի գնացել, մեկուսանում է անընդհանտ: Գրել-կարդալ չգիտի, հոր հետ ամեն օր գնում է քաղաքային աղբանոց, որ հավաքած շշերի գումարով կարողանանք գոնե հաց ու ծխախոտ առնենք: Ես էլ շատ ժամանակ գնում եմ սրա-նրա տուն՝ մի կտոր հաց ուտելու համար: Շաքար ունեմ, երբեմն ուժասպառ եմ լինում: Հացն էլ պարտքով ենք առնում, հետո թոշակ ենք ստանում ու պարտքերը փակում: Հագիս շորերն էլ է աղբանոցից բերված, հնար չունենք առնելու:

Կնոջ ներկայացմամբ՝ սոցիալական վատ պայմանները, թերսնվածությունը իրենց բացասական ազդեցությունն են ունենում իր առողջական վիճակի վրա, երբեմն-երբեմն այնքան է վատանում, որ կոմայով տեղափոխում են հիվանդանոց, որտեղ անվճար ստանում է բուժօգնություն, իսկ առողջական վիճակը կայուն պահելու համար ամեն օր դեղեր խմել չի կարողանում, դրանք գնելու համար գումար չի կարողանում հատկացնել: Տիկնոջ ներկայացմամբ՝ օգնության ակնկալիքով ինքը մի քանի անգամ դիմել է Գյումրու քաղաքապետարան՝ խնդրելով իր համար գոնե տնակ հատկացնել, բայց ամեն անգամ մերժել են՝ ասելով, որ իրենք տնակ չունեն, որ հատկացնեն:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս