«Նաիրիտի» աշխատակիցներին դարձյալ խաբո՞ւմ են
Նոյեմբերի 7-ին ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցը:
168.am-ի տեղեկություններով՝ գործարանի աշխատակիցները որոշել են գնալ ԱԺ՝ գործարանի վերագործարկման հետ կապված իրենց աջակցությունն ու համախմբվածությունը ցուցաբերելու համար:
Բայց երեկ գործարանի տնօրենը անսպասելի ժողով է արել ու տեղեկացրել, որ մինչև նոյեմբերի 20-ը ամբողջ աշխատավարձի պարտքը կփակվի, որ անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ տանը նստածներին: Ամենայն հավանականությամբ, նորից սկսվել են հին տարբերակով մարդկանց խաբելու փորձերը։
Հայտարարվել է, թե պարսիկների հետ բանակցություններ են սկսվել, որ մեկ ամսից մարդիկ են գալու «Նաիրիտի» հարցով, ու եթե հիմա թոշակառուներին ազատում են, բայց հետո նրանց հետ աշխատանքային պայմանագիր կկնքեն և այլն: Սրա նպատակը գործարանի աշխատակիցներին հանգստացնելն է, որպեսզի հանձնաժողով չստեղծվի և հարցի քննարկումը հնարավորինս հետաձգվի, թոշակառուների ազատման հարցը լուծեն, դատարկ խոստումներով ժամանակ շահեն ու հարցը փակեն: Այնպես, ինչպես արվել է մինչ այժմ։