Բաժիններ՝

ԿԲ նախագահն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակությանը

 

ՀՀ ԿԲ Նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱևԶԲ) նախագահ Իհսան Ուգուր Դելիքանլիի գլխավորած պատվիրակությանը: ԿԲ նախագահը բարձր է գնահատել ՍԱևԶԲ գործակցությունը ՀՀ բանկային համակարգի հետ և, մասնավորապես, ՀՀ տնտեսության մի շարք կարևոր ճյուղերի ու նախագծերի ֆինանսավորման հարցում, և նշել, որ ՍԱևԶԲ-ը ցուցաբերում է բավական ճկունություն՝ ֆինանսավորելով տնտեսության այնպիսի կարևոր ճյուղեր, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, բնակարանային ֆինանսավորումը, ՓՄՁ վարկավորումը: Այս համատեքստում Արթուր Ջավադյանը կարևորել է նաև այսօր բանկերից մեկի հետ կնքվելիք ՓՄՁ ֆինանսավորման վարկային ծրագրի ստորագրումը:

ՍԱևԶԲ նախագահ Իհսան Ուգուր Դելիքանլի շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը մշտապես գտնվել է բանկի տարածաշրջանային ծրագրերի ուշադրության կենտրոնում, և հաշվի առնելով մինչ օրս Հայաստանում իրականացված ծրագրերի հաջողությունը, բանկը պատրաստակամ է Հայաստանի իր գործընկերների հետ քննարկել հետագա գործակցության հետ կապված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը:

ԿԲ նախագահը հյուրերի խնդրանքով, ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորմանն ուղղված ԿԲ քաղաքականությունը և ֆինանսական համակարգի հիմնական ցուցանիշներն ու ձեռքբերումները:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված ենթակառուցվծքային և ներդրումային ծրագրեր, որոնցում ՍԱևԶԲ կարող է ունենալ իր մասնակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս