Թեյի օգտակար և վնասակար հատկությունները
Թեյն օժտված է շատ օգտակար հատկություններով: Մեկ բաժակ թեյը հագեցնում է ծարավը, անցկացնում հոգնածությունը, թարմացնում է և առույգացնում: Թեյը պարունակում է կոֆեին, բեոբրոմին, վիտամիններ, կատեխին, որոնք խթանում են նյութափոխանակությունը, լայնացնում արյունատար անոթները: Օրական կարելի է խմել 4-5 բաժակ թեյ:
Կանաչ թեյը բարերար ազդեցություն է թողնում սիրտ-անոթային համակարգի, լյարդի գործունեության վրա, ինչպես նաև՝ նպաստում արյունաստեղծմանը:
Ինչպես պատրաստել թեյ: Թեյի պատրաստման համար մեծ նշանակություն ունի թեյի քանակը: Թեյի սև սորտերից թուրմի թեյնիկի համար պետք է վերցնել միջին հաշվով 1-1.5 թեյի գդալ թեյ: Այդ դեպքում թեյը կստացվի բուրավետ, համեղ և թափանցիկ:
Պարտադիր չէ, որ թունդ թեյի եփուկի գույնը մուգ լինի: Բուրավետ, համեղ, թափանցիկ թեյը ստացվում է թուրմը բռնելուց 10-12 րոպե հետո: Կանաչ թեյը պատրաստվում է նույն ձևով, ինչպես սևը:
Թեյը համեղ, բուրավետ և օգտակար կլինի միայն ճիշտ պատրաստելու դեպքում: Ջուրը երկար եռացնել չի կարելի: Թեյամանը, որ պետք է լինի հախճապակյա կամ ճենապակյա (ոչ մի դեպքում՝ մետաղյա), ողողեք տաք ջրով, մեջը լցրեք թեյ և կիսով չափ եռացրած ջուր, ծածկեք անձեռոցիկով և թողեք 5 րոպե: Հետո նորից ջուր ավելացրեք և պահեք ևս 5-7 րոպե:
Եթե թեյի երեսին փրփուր է առաջանում, ուրեմն թեյը ճիշտ է պատրաստված: Փրփուրը հեռացնել պետք չէ, կարելի է ուղղակի խառնել:
Թեյի համար ջուրը նախընտրելի է եփել թույլ կրակի վրա:
Իր բոլոր օգտակար հատկություններով հանդերձ, թեյի չափից ավելի օգտագործումը (հատկապես՝ մուգ թեյի) օրգանիզմի համար խիստ վնասակար է:
Մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելն ամենից առաջ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է սրտի, արյունատար անոթների և երիկամների համար: Այս հիվանդություններով տառապողներին խորհուրդ է տրվում ավելի քիչ օգտագործել մուգ թեյ և զանազան հանքային ջրեր:
Ուշ երեկոյան խորհուրդ չի տրվում թունդ թեյ խմել, այն պետք է խմել քնելուց առնվազն 1.5-2 ժամ առաջ:
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը