
Բոլիվիայի նախագահն իր համար կկառուցի 29 հարկանի նոր նստավայր

BBC-ի փոխանցմամբ` Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, ով հոկտեմբերին վերընտրվեց նախագահական երրորդ ժամկետում, պայմանագիր է ստորագրել նախագահական նոր նստավայրի կառուցման մասին:
Մորալեսի խոսքերով` նստավայրի նախագծի հիմքում ընկած է Կոլումբոսից շատ առաջ գոյություն ունեցած Տիաուանակոյի հին հնդկական քաղաքակրթության ճարտարապետությունը: Մորալեսը հայտարարել է, որ նստավայրը բոլիվիացիներին կհիշեցնի այն հարուստ մշակութային ժառանգության մասին, որը վերացվել է իսպանական գաղութացման ժամանակ:
Ընդ որում, Մորալեսի ներկայիս նստավայրը գտնվում է այն շենքում, որը 16-րդ դարում կառուցել են իսպանացիները: Նախագահական նոր նստավայրն իրենից ներկայացնելու է 29 հարկանի շինություն:
Նախագծի համաձայն` նստավայրն ունենալու է ուղղաթիռային հարթակ, հատուկ տեղ` հնդկական ավանդական ծեսերի ու արարողությունների անցկացման համար, ինչպես նաև 1000 տեղանոց սրահ: Նստավայրի կառուցումն արժենալու է մոտ 36 միլիոն դոլար: