Բաժիններ՝

«Հղիության արհեստական ընդհատման չէի դիմի, եթե անգամ պարզվեր, որ երկրորդ բալիկս ևս աղջիկ է»

Ասում է հաղորդավարուհի և պարուհի Մարինե Մարտիրոսյանը

Պարուհի և հաղորդավարուհի Մարինե Մարտիրոսյանի երկրորդ անգամ մայրանալու լուրն ուղեկցվեց համացանցում տարածված՝ վերջինիս ընտանեկան լուսանկարներով: Ինքնատիպ ոճով արված ֆոտոսեսիան հեքիաթային տրամադրություն է հաղորդում: Վերջերս արդեն նաև տղա զավակի մայր դարձած մոսկվաբնակ մեր հայրենակցուհու հետ զրուցեցինք պլանավորված հղիության, սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման և այլ հարցերի շուրջ:

Marine Martirosyan (2)

– Աղջիկ երեխայի ծնունդից հետո հայերի մոտ տարածված սովորություն կա, նախ խղճահարությամբ շնորհավորել և հուսադրել, թե՝ ոչինչ, հաջորդն էլ տղա կլինի: Ինչին անմիջապես հետևում է երկրորդ երեխային հաշվարկով ունենալու խորհուրդ-պահանջը: Հավատո՞ւմ եք արդյոք հաշվարկ ասվածին, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

– Բժշկության տեսանկյունից ինձ համար հաշվարկ ասվածը ճիշտ երևույթ է: Քանի որ ժամանակ առ ժամանակ կնոջ օրգանիզմում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, և հենց այդ փոփոխություններից է կախված ապագա երեխայի սեռը: Բայց ես առավել հավատում եմ երկնային մեծ ուժին: Ամեն ինչ Աստծո կամքով է լինում այս աշխարհում: Թե՛ ամուսնուս, և թե՛ ինձ համար երեխայի սեռը բացարձակ կարևոր չէր: Մենք ուզում էին, որ մեր աղջիկը առողջ քույրիկ կամ եղբայր ունենա: Եվ Աստծո կամոք մենք մեր դստրիկին եղբայր պարգևեցինք:

Marine Martirosyan (8)

Marine Martirosyan (6)

– Ամեն դեպքում երկրորդ երեխան պլանավորվա՞ծ էր, թե՞ «պատահական» ստացվեց:

– Այո, պլանավորված էր: Աղջկաս և որդուս միջև երկու տարի երեք ամսվա տարբերություն կա: Ասել, թե դեռ վաղ էր՝ սխալ կլիներ: Աշխատանքս հեռուստատեսությունում կսպասի: Կամ, ինչպես ռուսներն են ասում. «Работа не волк. В лес не убежит»:

– Երեխայի անունը կապ ունի՞ Առնո Բաբաջանյանի երաժշտության հանդեպ Ձեր ունեցած սիրո հետ:

– Բաբաջանյանի երաժշտությունն ինձ շատ մոտ է և հարազատ: Անունը միանշանակ ինձ շատ է դուր գալիս: Եվ հետո, երբ ուսումնասիրել ենք անվան նշանակությունը, էլ ավելի ենք հավանել այն:

Marine Martirosyan (7)

– Երևի տեղյակ եք, թե որքան շատ է մեր երկրում տարածված սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումը: Ի՞նչ կարծիք ունեք այդ հարցի շուրջ:

– Միանշանակ բացասական եմ վերաբերվում մեր հասարակության մեջ լայն տարածում ստացած այդ արատավոր երևույթին: Եվ, եթե չեմ սխալվում, նոր օրենք կա, որն արգելում է ուլտրաձայնային զննման շնորհիվ հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը: Շատ լավ և ճիշտ օրենք է, ըստ իս: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հղիության արհեստական ընդհատման չէի դիմի, անգամ եթե պարզվեր, որ երկրորդ բալիկս ևս աղջիկ է:

Marine Martirosyan (5)

Marine Martirosyan (4)

– Տարբերություն զգո՞ւմ եք՝ մեկ երեխայի և երկու երեխաների մայր լինելու մեջ:

– Տարբերությունը նրանում է, որ ավելի հասուն ես դառնում: Շատ հարցեր, որոնք ժամանակին, փորձի պակասի արդյունքում, անլուծելի էին թվում, հիմա արդեն շատ հեշտությամբ ստանում են իրենց լուծումները, պատասխանները: Սկսում ես շատ հարցերի շատ ավելի հանգիստ և գիտակցված մոտեցում ցուցաբերել:

Marine Martirosyan (1)

– Գիտեմ, որ մտադրություն ունեք կրկին Արարատ լեռը բարձրանալու:

– Արարատի վերելքի հետ կապված նախագծի հեղինակն իմ շատ լավ ընկեր, պրոֆեսիոնալ լեռնագնաց, «Նատուրա Տուր» ընկերության տնօրեն Հովհաննես Մարտիրոսյանն է, ում թիմի հետ ես 2010 թվականին հաղթահարեցի Արարատի բարձունքն առաջին անգամ: Եվ հիմա նա ուզում է, որ նույն թիմով նորից անցնենք այդ ճանապարհը, բայց արդեն՝ նորեկների հետ: Այդ նախագիծը կապված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ…

Շատ հետաքրքիր է լինելու, սակայն ծրագիրը դեռ մշակման ընթացքում է, այդ իսկ պատճառով ավել մանրամասներ դեռևս չեմ կարող հրապարակել: Խոստանում եմ ձեզ անպատճառ տեղյակ պահել, երբ ամեն ինչ վերջնականապես հաստատվի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս