Ինչ մեքենաներ են ներկրում հայերը
ՀՀ քաղաքացիները ընթացիկ տարում ավելի շատ մեքենաներ են ներկրել Հայաստան, քան նախորդ տարի։ ՀՀ Ֆինանսների նախարարության մաքսային ծառայության տվյալներով՝ 2014թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներկրվել 35 901 ավտոմեքենա։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ներկրված մեքենաների քանակն ավելացել է 7776-ով կամ 27.6 տոկոսով։
Մեքենաների ներկրման արդյունքում ՀՀ պետբյուջեն համալրվել է 29.8 միլիարդ դրամով՝ ԱԱՀ-ի և մաքսատուրքի ձևով։
Ներկրված մեքենաների մեջ շատ փոքր տեսակարար կշիռ ունեն ռուսական արտադրության մեքենաները՝ ընդամենը 858 հատ։ Ընդ որում, ի տարբերություն արտասահմանյան մակնիշների՝ ռուսական մեքենաների ներկրումը նվազում է. նախորդ տարվա առաջին 9 ամիսներին ներկրվել էր 1164 հատ ռուսական ավտոմեքենա։
Ինչ վերաբերում է ներկրված մեքենաների արժեքին, ապա հիմնականում ներկրվում են հին և էժանագին մեքենաները։ Այսպես, ընթացիկ տարում ներկրվել է 22450 ավտոմեքենա, որոնց մաքսային արժեքը 5000 դոլարից պակաս է։ Դա կազմում է ընդհանուր քանակի 63%-ը։
Տեսակարար կշռով երկրորդ տեղում 5-10 հազար դոլար արժողությամբ մեքենաներն են՝ 8300 հատ կամ 23 %։
Միջին (10-15 հազար դոլար) և միջինից բարձր (15-30 հազար դոլար) գնային կատեգորիաների ներկրման ծավալները հավասար են՝ 6-ական տոկոս։
Ինչ վերաբերում է լյուքս դասի թանկարժեք մեքենաներին, որոնց մաքսային արժեքը 30 հազար դոլարից բարձր է, ապա դրանց քանակը մեծ չէ՝ ընդամենը 1000 հատ կամ ընդհանուր քանակի 3%-ը։ Նշենք նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկարժեք մեքենաների ներկրման ծավալները նվազել են 432-ով։