Վարդան Պետրոսյանից պահանջվող գումարի չափը փոխվել է

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:

Դատարանում այսօր հարցաքննվեց վկա Մկրտիչ Խուդավերդյանը, ով հայտնեց, որ մեկնել է դեպքի վայր, որտեղ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենային, մասնակցել է բոլոր գործողություններին: Պատասխանելով մեղադրողի հարցին՝ վկան ասաց, որ ինքը մասնացել է դեպքի վայրի զննութանը, քննիչը եղել է Հայկ Հակոբյանը: Վկայի խոսքով՝ դեպքի վայրի զննությանը, իրենից բացի, մասնակցել են երկու ընթերականեր, ԱԻՆ աշխատակիցներ, ճանապարհային ոստիկաններ:

Վկան ասաց, որ ինքը չի ճանաչել ընթերականերին, նրանցից մեկը «տարիքով է եղել, մեկը՝ երիտասարդ», իսկ նրանց արտաքին այլ տվյալներ, վկայի խոսքով, չի հիշում: Մեղադրողը վկայից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս նա կարող է պատճառաբանել այն հանգամանքը, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ չկա նրա ստորագրությունը: Ի պատասխան՝ վկան ասաց, որ ինք մոռացել է ստորագրել, բոլորը ստորագրել են, ինքը մտածել է՝ վերջում կստորագրի, սակայն ավարտելուց հետո մոռացել է ստորագրել:

Նա նշեց նաև, որ ինքը հաջորդ օրը գնացել է քննիչի մոտ, ասել, որ մոռացել է ստորագրել, սակայն քննիչը նշել է, որ ուշ է, չի կարող ստորագրել: Վկան ասաց նաև, որ իր՝ դեպքի վայր գնալուց հետո՝ մոտ 7-10 րոպե անց, դեպքի վայր է եկել նաև քննիչը, սկսել քննչական գործողություններ կատարել:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը վկայից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա կարող է թվարկել իր իրավունքերը և պարտականությունները՝ որպես զննության մասնակից, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ չի կարող թվարկել: Դատական նիստի ընթացքում քաղաքացիական հայցվորի՝ Գյուղնախարարության ներկայացուցիչն ասաց, որ իրենք փոխել են հայցի չափը, այժմ 2 մլն 262 հազար դրամի փոխարեն՝ պահանջում են 1 մլն 200 հազար դրամ. ըստ հայցվորի ներկայացուցչի՝ իրենք մտածել են, որ գումարի մի մասը կարող են ստանալ ապահովագրական ընկերությունից:

Տեսանյութեր

Լրահոս