Մեկնարկել է «Գործարար կառավարում» ծրագիրը

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն»-ի և «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Գործարար կառավարում» թեմայով 4-ամսյա ուսումնական ծրագիրը: Նպատակն է աջակցել դասընթացի մասնակիցներին տիրապետել շուկայագիտության, ֆինանսների և կառավարման բիզնես հիմունքներին` ամրապնդելով իրենց ռազմավարական մտածողության հմտությունները: ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Լևոն Բարխուդարյանի խոսքով` ուսումնական կենտրոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի գործակցությունը սկիզբ է դրվել դեռևս անցած տարվանից ստորագրված համագործակցության համաձայնագրով, որով նախատեսվում է համատեղ իրականացնել ուսումնական ծրագրեր, գիտահետազոտական աշխատանքներ, անցկացնել գիտաժողովներ և կոնֆերանսներ:

«Այս քայլով ուսումնական գործընթացներում նոր մշակույթ է ձևավորում` հնարավորություն ընձեռելով ոչ միայն համակարգի աշխատակիցներին, այլև բիզնեսի ներկայացուցիչներին ձեռքբերել նաև միջազգային որակի կրթություն և այն հաջողությամբ կիրառել առօրյա աշխատանքում: Դասընթացում ներառված են ինչպես գործարար կառավարման խտացրած ծրագրեր, այնպես էլ հարկային, մաքսային վարչարարության նորույթներ, որոնք կօգնեն ընդլայնել մասնակիցների բիզնես գիտելիքներն ու հմտությունները և կնպաստեն բիզնեսի առավել արդյունավետ կառավարմանը»:

Ըստ ՀԱՀ դասախոս Արփի Բալյանի, կրթական ծրագիրը մշակված է բացառապես երկու կառույցների համագործակցության շրջանակում. «Ֆինանսների նախարարության գաղափարն է` մշակել այնպիսի կարճաժամկետ ուսումնական ծրագիր, ինչը հնարավարություն կտա մասնակիցներին ձեռք բերել ավելի շատ կիրառական գիտելիքներ և ծանոթանալ միջազգային բիզնես նորարարություններին»: Ծրագիրն հաջողությամբ ավարտողներին Հայաստանի ամերիկյան համալսարանի և ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի կողմից կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր: Ի դեպ, շնորհիվ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցության, զգալի նվազել է ամսական վճարը:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս