Իրանի համալսարանները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ. Ռոուհանի
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի համալսարանները պետք է իրենցից ներկայացնեն գիտության ու հետազոտությունների կենտրոններ և ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ: Այս մասին խորհրդարանի այսօրվա բաց նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Ռոուհանին այդ հայտարարությունն արել է երկրի գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիայի նախարարի պաշտոնում Մահմուդ Նիլի Ահմադաբադիի թեկնածության շուրջ քվեարկությունից առաջ: Իրանի խորհրդարանը, սակայն, չի հաստատել նրա թեկնածությունը տվյալ պաշտոնում:
Չնայած Ռոուհանիի կոչերին՝ Ահմադաբադիի թեկնածության օգտին քվեարկել է միայն 79 պատգամավոր, դեմ է քվեարկել 160 պատգամավոր, իսկ 7 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել: Ռոուհանին ընդգծել է, որ Իրանի համար գիտության նախարարությունն ունի հատուկ նշանակություն.
«Երկրի համալսարաններում կրթություն է ստանում ավելի քան 4 միլիոն ուսանող, դրանցում աշխատում է ավելի քան 70.000 գիտաշխատող: Մենք ցանկանում ենք, որ համալսարանները տեղյակ լինեն քաղաքական հարցերից, սակայն չզբաղվեն քաղաքականությամբ»: