«Հայկական հարցը» Թուրքիայի համար ամենակարևոր հարցը չէ. Մահչուփյան

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակված հայ գրող, լրագրող Էթյոն Մահչուփյանը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին:

Մահչուփյանն ընդգծել է, որ չի տատանվել Դավութօղլուի կողմից համապատասխան առաջարկ ստանալուց հետո և ընդունել է այն՝ ընդգծելով, որ անկախ նրանից, թե քաղաքական որ գործչից կստացվեր նման առաջարկ, պետք չէր մերժել այն:

Երբ Մահչուփյանին հարցրել են, թե ինչի հետ է կապում իր այդ նշանակումը, նա հայտարարել է, որ Դավութօղլուին համարում է խորը մտավորական, իսկ Դավութօղլուն էլ բարձր կարծիք ունի իր մասին:

Մահչուփյանին հարցրել են, թե արդյոք իր նշանակումը կապ ունի՞ հայ լինելու հետ, և արդյոք նա իր ներդրումը կունենա՞ «Հայկական հարցում»՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալու հետ:

Ի պատասխան՝ Մահչուփյանը հայտարարել է. «Եթե քուրդ ընտրվեր, ապա բնականաբար դա կազդեր «Քրդական հարցի» վրա, ալևի ընտրվեր, ազդեցություն էր ունենալու: Ես էլ բնականաբար իմ ներդրումը կունենամ «Հայկական հարցի» կարգավորման մեջ:

Սակայն «Հայկական հարցը» Թուրքիայի համար ամենակարևոր հարցը չէ, ներկայումս այն երկրի օրակարգի մեջտեղներում տեղ զբաղեցրած թեմա է: Իմ ներդրումը չի կարող ունենալ առաջնային նշանակություն: Բացի այդ, ես լիազորված չեմ այստեղ ներկայացնել Հայ համայնքը: Հայ համայնքն ինքնուրույն դերակատար է»:

Մահչուփյանն ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստ է լուծել «Քրդական հարցը». «Ըստ իս՝ կառավարությունը պատրաստ է գնալ մինչև վերջ: Քրդերն ու մյուսները (մյուս փոքրամասնությունները) չեն կարող գտնել ավելի լավ կառավարություն, քան գործող կառավարությունն է»:

Տեսանյութեր

Լրահոս