
Դուբայում կկառուցվեն աշխարհի ամենաբարձր երկվորյակ աշտարակները

ԱՄԷ-ի Arabian Business պարբերականի փոխանցմամբ՝ Դուբայում կառուցվելու են աշխարհի ամենաբարձր երկվորյակ աշտարակները: Dubai Twin Towers անվանմամբ երկնաքերը կդառնա անշարժ գույքի ոլորտի նոր մեգանախագծի մասնիկը, որի մասին նոյեմբերի 1-ին հայտարարելու են Դուբայի Emaar Properties կապալառու ընկերությունն ու Dubai Holding ներդրումային ընկերությունը:
Երկնաքերի ստույգ բարձրության մասին դեռ չի հաղորդվում: Ներկայումս աշխարհի ամենաբարձր երկվորյակ աշտարակները գտնվում են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Petronas Twin Towers-ի բարձրությունը կազմում է 452 մետր:
Ներկա դրությամբ աշխարհի ամենաբարձր շինությունը նույնպես գտնվում է Դուբայում. Burj Khalifa երկնաքերի բարձրությունը կազմում է 828 մետր: Նրա կառուցումն ավարտվել է 2010 թվականին: