
Եգիպտոսը չեղյալ է հայտարարել Մուրսիի նախագահության ժամանակ Թուրքիայի հետ ստորագրված համաձայնագրերը

Mena գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ տնտեսական բոլոր համաձայնագրերը, որոնք ստորագրվել են երկրի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի նախագահության ժամանակ:
Այդպիսի որոշում է ընդունվել այն բանից հետո, ինչ Թուրքիայի կառավարությունը հայտարարեց, որ Անկարան չի ճանաչում Եգիպտոսի կառավարության լեգիտիմությունը, քանի որ այն ստեղծվել է զինվորական հեղաշրջման հետևանքով:
Եգիպտական կողմն իր հերթին հայտարարել է, որ Մոհամմեդ Մուրսի կառավարման ժամանակ Կահիրեի ու Անկարայի միջև ստորագրված համաձայնագրերը հակասում են Եգիպտոսի տնտեսական շահերին: Նախատեսված էր, որ համաձայնագրերը կգործեն մինչև հաջորդ տարվա մարտը:
2012 թվականին Եգիպտոսն ու Թուրքիան ստորագրել են 27 տնտեսական համաձայնագիր, որոնք մասնավորապես առնչվում են երկաթուղային տրանսպորտի ու նավարկության ոլորտներին: