2015 թվականի բյուջեով պաշտպանության ոլորտին կուղղվի շուրջ 480 միլիոն դոլար
Պաշտպանության բնագավառի ծախսերը 2015 թ. նախատեսվել են 196 մլրդ 829.3 մլն
դրամ, որից ռազմական կարիքների բավարարմանը` 191 մլրդ 273.5 մլն դրամ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաողովներում 2015թ-ի բյուջեի քննարկումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Ըստ նրա՝ հասարակական կարգի, անվտանգության, փրկարար ծառայության և կալանավայրերի պահպանության համակարգերի ծախսերի ֆինանսավորմանը 2015 թ. պետական բյուջեից նախատեսվում է ուղղել 77 մլրդ 79.2 մլն դրամ: Սաֆարյանը նշեց, որ նշված ծախսերը ներառում են ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության, փրկարար ծառայության և քրեակատարողական համակարգի ծախսերի ֆինանսավորումներ: Աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների և քաղաքացիական ծառայողների պարգևատրումները 2015 թ. պետական բյուջեի նախագծում նախատեսվել են 6,523.0 մլն դրամի չափով: Աճը 2014 թ. պետական բյուջեի
նկատմամբ կազմում է 931.6 մլն դրամ:
«Աշխատավարձերի տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ գերակշիռ մասն է՝ 80-90%»,- ասաց Պ.Սաֆարյանը: