Բայդենը նոյեմբերին կայցելի Ուկրաինա ու Թուրքիա
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը նոյեմբերին կայցելի Ուկրաինա, Մարոկկո ու Թուրքիա: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Բայդենը Եվրոպա է մեկնելու նոյեմբերի 17-ին:
Ուկրաինայում նա բանակցություններ է վարելու այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Մարոկկոյում Բայդենը գլխավորելու է Մարակեշում կայանալիք Ձեռնարկատերերի գլոբալ գագաթաժողովում (GES, Global Entrepreneurship Summit) ամերիկյան պատվիրակությունը:
Թուրքիայում էլ Բայդենը հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: Վերջին շրջանում որոշակիորեն սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչի պատճառը Բայդենի այն հայտարարությունն էր, որ Անկարան աջակցում է ահաբեկիչներին: Բայդենն ավելի ուշ ներողություն էր խնդրել իր այդ խոսքերի համար: