Մարտահրավեր՝ ոչ իշխանական ուժերի համար
Այսօր Ազգային ժողովում սկսվում են 2015 թվականի բյուջետային քննարկումները, որոնք համապատասխան հանձնաժողովներում ավարտվելուց հետո կշարունակվեն խորհրդարանի լիագումար նիստում: Թվում է, թե հաշվի առնելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը և հաջորդ տարվա վերաբերյալ, մեղմ ասած, ոչ լավատեսական կանխատեսումները, կառավարությանն Ազգային ժողովում դժվար օրեր են սպասվում: Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով քաղաքական ուժերի ներկայիս դասավորությունը, դժվար է ասել՝ ո՞ւմ համար են այդ օրերն ավելի բարդ լինելու՝ կառավարությա՞ն, թե՞ ոչ իշխանական ուժերի:
Վերջիններիս համագործակցությունը, հիշեցնենք, ձևավորվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության պահանջի շուրջ, ինչը տեղի ունեցավ և ոչ իշխանական ուժերի կողմից գնահատվեց՝ որպես հաղթանակ: Հիմա այդ հաղթանակի արդյունքում վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել հաջորդ տարվա պետական բյուջեն: Եթե ոչ իշխանական ուժերը քննադատեն բյուջեն և դեմ քվեարկեն դրան, կստացվի, որ իրենց կողմից որպես հաղթանակ ներկայացվող կառավարության փոփոխությունն իրականում այնքան էլ հաղթանակ չէր: Եթե չքննադատեն ու դեմ չքվեարկեն բյուջեին, կստացվի, որ իրենք այնքան էլ ոչ իշխանական ուժեր չեն:
Այսպիսով, ոչ իշխանական ուժերին ևս առաջիկայում փորձություններ են սպասվում: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանից դուրս նրանք շարունակում են հանրահավաքային պայքարը, որի ընթացքում հանդես են գալիս, ընդհանուր առմամբ, իշխանափոխության պահանջով: