Րաֆֆի Հովհաննիսյան. Ինչպե՞ս եղավ, որ մենք թույլ տվեցինք Հոկտեմբերի 27, հետո` Մարտի 1
Հոկտեմբերի 27-ը աննախադեպ հարված էր մեր պետության հիմքերին, արժանապատվությանը և իրավունքներին: Այսօր` հոկեմբերի 27-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդն այսօր այցելել էր Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել ոչ միայն սպարապետ Վազգեն Սարգսյանի, այլև արցախյան պատերազմի ևս մի քանի հերոսների հիշատակին:
Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն է ժողովրդական այն իմաստնության հետ, որ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո, իսկ մինչ օրս չի բացահայտվել, քանի որ, իր խոսքով, գործող իշխանությունը հիմնված է ստի և կեղծիք վրա: «Առանց սահմանադրական, ժողովրդին պատկանող և ժողովրդին հաշվետու իշխանության չի բացահայտվելու ո´չ Հոկտեմբերի 27-ը, որի 15-րդ տարելիցը այսօր նշում ենք, ո´չ էլ Մարտի 1-ը»,- ասաց նա:
Իսկ կարելի՞ է ասել, որ Հոկտեմբերի 27-ն այն ելակետն էր, որից հետո Հայաստանի ինքնիշխանությունը գնաց դեպի անկում: Անդրադառնալով այս տեսակետին` Հովհաննիսյանը նշեց. «Կարծում եմ, որ մենք մեր ինքնիշխանությունը, անկախությունը, ազգային շահը, ժողովրդավարությունը զիջել ենք առաջին իսկ տարիներից, բայց Հոկտեմբերի 27-ն իսկապես աննախադեպ ջրբաժան էր, երբ մեր բոլոր սխալների կուտակումն ուղղակի հանգեցրեց այդ ահավոր հարվածին մեր պետականության դեմ: Մեր ներքին անարդարությունը, մեր ներքին սուտն ուղղակի պայթեց և պայթեց այն պետական պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, այո´, վստահություն էին վայելում մեր ժողովրդի մոտ»:
Հովհաննիսյանի խոսքով` չի կարելի պնդել, որ Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի միջև կա ուղղակի կապ, քանի դեռ Հայաստանի երեք նախագահները վկայություն չեն տվել երդման տակ` կոնկրետ Մարտի 1-ի կապակցությամբ:
«Ես ուզում եմ տեսնել այդ օրը, երբ կբացահայտվի: Եվ դա ենթադրում է թե´ ժողովրդի միասնություն, թե´ արժանապատվություն և նաև ժողովրդի առջև հաշվետու իշխանություն: Մենք գալիս ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու, մեր գլուխը խոնարհելու և ինքներս մեզ հարց տալու, թե ինչպե՞ս եղավ, որ մենք թույլ տվեցինք Հոկտեմբերի 27, հետո` Մարտի 1»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: