Բաժիններ՝

Հայաստանը Սիմֆերոպոլ-Երևան չվերթների հարցում մերժել է ռուսական ավիաընկերությանը. մամուլ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մերժվել է ռուսական «Գռոզնի-Ավիա» ընկերության ներկայացրած հայտը՝ կապված Սիմֆերոպոլի ու Երևանի միջև ուղիղ չվերթներ իրականացնելու հետ:

Այս մասին հայտնում է սիմֆերոպոլյան 0652.ua կայքը՝ վկայակոչելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

Գերատեսչության հաղորդմամբ՝ հայտը մերժվել է ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառով: Գերատեսչության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանը հայտարարել է, որ թերությունների հարթումից հետո հայտը կդիտարկվի վերստին:

Գերատեսչության նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանն իր հերթին ընդգծել է, որ դեպի Ղրիմի չվերթներ իրականացնելը բացասաբար կանդրադառնա Հայաստանի միջազգային հեղինակության վրա և անգամ կարող է հանգեցնել պատժամիջոցներ սահմանելուն:

Հոկտեմբերի 23-ին Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարել էր, որ «Գռոզնի-Ավիա» ավիաընկերությունը նոյեմբերի 16-ից չվերթներ է սկսելու Սիմֆերոպոլից Երևան ուղղությամբ: Ընդ որում, պլանավորված էր չվերթներն իրականացնել ամեն շաբաթ՝ յուրաքանչյուր կիրակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս