Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել Հայ ոսկերչի տոնի առթիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել Հայ ոսկերչի տոնի առթիվ, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն ողջունում և շնորհավորում եմ ոսկեգործության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Հայ ոսկերչի մասնագիտական տոնի առթիվ:

Հայաստանում ոսկեգործության ոլորտը զարգացած է եղել դեռևս վաղ անցյալում: Հայ ոսկերիչների աշխատանքները մշտապես հարգանք են վայելել ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև դրա սահմաններից դուրս: Դրան մեծապես նպաստում է նաև հայկական սփյուռքի ոսկերիչների գործունեությունը, որոնք սնվելով ազգային ակունքներից իրենց անգնահատելի նպաստն են բերում հայ ոսկերչության միջազգային ճանաչմանն ու բարձր գնահատականի արժանացմանը:

Ուրախությամբ եմ նշում, որ հանրապետության ոսկեգործության ոլորտն այսօր պատվով է ներկայանում արտաքին շուկաներում և ավելի ու ավելի ճանաչելի է դառնում, իսկ բարձրաճաշակ արտադրանքը վկայում է հայ ոսկերիչների հմտության ու վարպետության բարձր մակարդակի մասին: 

Հայաստանի կառավարությունը՝ գործողությունների ծրագրի շրջանակներում պետական աջակցության գործիքակազմի օգտագործման և մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով այսօր գործուն քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու, ոլորտի արտադրանքը արտաքին շուկաներում պատշաճ ներկայացնելու ուղղությամբ: Դա, իր հերթին, կնպաստի Հայաստանը՝ գլոբալ հայկական ոսկեգործության հանգույց դարձնելու ռազմավարությանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ և ստեղծագործական նոր հաջողություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս