Միքայել Մելքումյանի պատասխանը՝ Ջանի Բուքիքիոյին. Ի՞նչ խաղերի մասին է խոսքը

Օրերս ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի մասին՝ ասել էր, որ կա քաղաքական կամքի անհրաժեշտություն, որ կարողանան ընդունել այդ Սահմանադրությունը և այդ դրույթները Սահմանադրության մեջ: Նրա խոսքով՝ այդ կամքը չափազանց կարևոր է, և պետք է լինի հասարակության կամքը, ոչ թե վերնախավի. «Սահմանադրությունը պիտի լինի հնարավորինս լայն հասարակական կոնսենսուսի արդյունք»:

ԱԺ խորհրդարանական 3 ուժերն ունեն բացահայտ մերժողական վերաբերմունք սահմանադրական փոփոխությունների նկատմամբ: Հնարավո՞ր է՝ այս պարագայում, այնուամենայնիվ, ընդունվի հայեցակարգը, և ինչքանո՞վ է իրատեսական, որ քաղաքական ուժերի դեմ լինելը կարող է ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա:

Պատասխանելով 168.am-ի այս հարցադրումներին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Կյանքը ցույց կտա՝ կընդունվի՞, թե՞ ոչ, բայց որ կոնսենսուս չկա, դա փաստ է: Միայն 3 խորհրդարանական ուժերը չեն, դրանից դուրս ՕԵԿ-ն էլ կողմ չի, արտախորհրդարանական ուժերը, հանրությունը, այսինքն՝ այս ամեն ինչը ցույց է տալիս, որ հասարակությունն իսկապես դրա հետ չի կապում իր՝ երկիրն այս վիճակից հանելու մտահոգությունները: Այն, ինչ ասել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը, իհարկե, ճիշտ է, եթե խոսքը գնում է հասարակության և քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին: Ինձ թվում է՝ հայեցակարգի ընդունման հետաձգումը մինչև փետրվար-մարտ, նաև արտահայտություններից մեկն է, որ իշխանությունը դեռևս ինքն էլ վերջնական կողմնորոշված չէ, ցանկություն կա, բայց իրականացման հնարավորություն էլ պետք է լինի: Այս առումով, ես տեսնում եմ, որ գնալու է լուրջ պայքար, և կարծում եմ՝ իշխանությունը, ի վերջո, պետք է իր եզրակացությունն անի՝ այդ պայքարի հետևանքով ի՞նչ կարող է լինել: Առանց կոնսենսուսի, կարծում եմ, հիմնական օրենքը որևէ լավ բանի չի բերի»:

Մեր հարցին, թե կարելի՞ է արդյոք հայեցակարգի ընդունման հետաձգումը մինչև 2015 թվականի փետրվար-մարտ՝ համարել հաղթանակ, այն դեպքում, երբ Վենետիկի հանձնաժողովը մինչև 2016 թվականի մարտ է նախանշել սահմանադրական փոփոխությունների ընդունման ժամկետները, Մ.Մելքումյանն այսպես արձագանքեց. «Հաղթանակն այն կլինի, երբ այս երկիրը լավ վիճակում կհայտնվի: Հաղթանակ է, թե հաղթանակ չէ՝ ինչ-որ արդյունք է: Հաղթանակը նա է, որ արդյունք լինի, երկրի վիճակը լավանա: Հիմա եթե իրենք էլ են հասկացել, որ շուտափույթ ընդունելու խնդիր չի դա, պետք է կշռադատեն, գցեն-բռնեն, թե ինչ է կատարվում, սա նշանակում է, որ իրենք էլ են մտածում այդ հարցի շուրջ»:

Ջ. Բուքիքիոն, նաև պատասխանելով այն դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողների հիմնական մտահոգությունն այն է, որ սա արվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, ասել էր. «Դրանք բոլորը քաղաքական խաղեր են»:

Այս առնչությամբ Մ. Մելքումյանն ասաց, որ նշանակություն չունի, թե այսօր ով է քաղաքական ղեկավարությունը ներկայացնում, այս փուլում ոչ իշխանական ուժի ասածն այն է, որ հիմա խնդիրն արդիական չէ. «Մենք այսօր թողած հրատապ խնդիրները՝ երկիրն այս վիճակից հանելու, մտասևեռվել ենք Սահմանադրություն փոխելու վրա, որն այս վիճակի հետ, ըստ էության, որևէ կապ չունի: Դա ապագայի հետ է կապված: Մենք ասում ենք՝ զբաղվենք այս գործով՝ հասարակության արտագաղթը, և այլն, և այլն, մեզ ասում են՝ չէ, Սահմանադրությամբ: Մեր ասածն այն է, որ սա հետագայի խնդիր է, այս փուլի խնդիր չէ: Այո, տանում է վերարտադրության, այն իշխանության վերարտադրության, որը ստեղծել է այսպիսի վիճակ, հիմա ուզում ենք այդ իշխանությունը նորից վերարտադրվի՞:

Դրա մասին է խոսքը, որ պետք է տանել այնպիսի խաղի կանոններ, որ լինի հասկանալի պատճառով այդ փոփոխությունը՝ առանց մայդանների, առանց արյունահեղության, և այլն, և հետագայում, այդ անցումային փուլում հենց իշխանությունը կսահմանի խաղի կանոններ, կանդրադառնա տարբեր հարցերի, որը կթելադրի կյանքը: Ի՞նչ խաղերի մասին է խոսքը»:

 

Տեսանյութեր

Լրահոս