
«Արթուր Բաղդասարյանն էլ էր ժամանակին ընդդիմություն, պակաս ընդդիմություն չէր, պակաս ճարտար լեզու չուներ». Գիմիշյանը՝ Ծառուկյանի ընդդիմադիր լինելու մասին

«Ես բացարձակապես չեմ հավատում, որ «Բարգավաճ Հայաստանն» ընդդիմություն է, չի կարող օլիգարխը լինել ընդդիմություն»,- 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին՝ նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նա նկատեց, որ «օլիգարխ» նշանակում է օրենքը շրջանցելով տնտեսական գործունեություն վարել. «Իշխանությունը շատ արագ կարող է այդ օլիգարխի բոլոր խնդիրները լուծել: Էլ չեմ ասում, որ այդ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսկացության նախագահը Օլիմպիական կոմիտեի նախագահ է: Գոնե այդ սպորտի ոլորտը կարող են ձեռքից վերցնել, հանիգիստ կարող են, բայց ինչո՞ւ չեն անում, ինչո՞ւ են թողնում այդ բավականին լուրջ ուժն իր ձեռքում: Բացի դրանից, Գյումրիի քաղաքապետը «Բարգավաճ Հայաստանից» է:Այսինքն՝ այս երկրի ղեկավարությունն այնքան ցնդամիտ է, որ երկրոդ քաղաքը տվել է ԲՀԿ-ի անդամ հանդիսացող քաղաքապետի ձե՞ռքը: Հիմա փորձում են համոզել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է փորձում համոզել հասարակությանը, բայց դա անլուրջ է»:
Հարցին՝ այսինքն ՝ դուք չե՞ք հավատում Գ. Ծառուկյանի այն խոսքերին, որ՝ «եթե իշխանությունը շարունակի անտեսել համաժողովրդական շարժման պահանջները՝ փողոցներում և հրապարակներում կանգնած հարյուր-հազարներով կպարտադրենք իշխանափոխություն և արտահերթ ընտրություններ», Սոս Գիմիշյանն ասաց, որ չի հավատում.
«Ինչպե՞ս հավատամ: Իհարկե, որպես մասնավոր, փոքր խնդիր իշխանության վերաբախշման մասին խոսք գնում է: Արթուր Բաղդասարյանն էլ էր ժամանակին ընդդիմություն, պակաս ընդդիմություն չէր, պակաս ճարտար լեզու չուներ, պակաս պատրաստվածություն չուներ: Իշխանության կողմից շինծու ընդդիմություն էր: Միայն խոսքեր են, և գործը դեռ չեմ տեսնում: Բազմաթիվ կապերով ԲՀԿ-ն կապված է իշխանության հետ և այսօր էլ կազմում է իշխանության մաս: Հանկարծ ինձ չասեք, որ Գյումրիւ քաղաքապետի ընտրությունը դա տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունք է, ժողովուրդն է ընտրել: Այսօր եթե ցանկացած քաղաքապետի որոշումներն ուսումնասիրենք, այնքան հանցագործություն կլինի, որ կարելի է ցանկացածի նստեցնել: Ես դա ասում եմ որպես փորձագետ, որը բազմաթիվ այդպիսի ուսումնասիրություններ է արել»:
Անի Քեշիշյան