Խոսրով Հարությունյանը՝ Գագիկ Ծառուկյանի իշխանափոխության պահանջի և իշխանության արձագանքի մասին

«Մենք արդեն երկրորդ անգամ ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստանի» ընդլայնված կազմով հանրահավաքին, որովհետև ակնհայտ է, որ հավաքվածների ճնշող, տպավորիչ մեծամասնությունը «Բարգավաճ Հայաստանի» կողմնակիցներն են, դա երևում է նաև հավաքվածների՝ լիդերների ելույթների արձագանքից»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած եռյակի հանրահավաքի մասին:

Ըստ նրա՝ հիմնական, առանցքային դերակատարումը եռյակում ստանձնել է «Բարգավաճ Հայաստանը»՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, իսկ մնացածը փորձում են այդ «քաղաքական կապիտալից» օգտվել:

Հարցին, թե ի՞նչ նոր բան հնչեց այս հանրահավաքում նրա համար, Խ. Հարությունյանն ասաց, որ նորույթի տեսանկյունից, կարծես թե, «Բարգավաճ Հայաստանը» վերջնականապես կողմնորոշվեց գրավել իր դերը ընդդիմության շարքերում.

«Երկեվա Գ. Ծառուկյանի ելույթը արդեն այլընտրանքի ղեկավարի ելույթ չէր, այլ ընդդիմության: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հռչակեց իշխանափոխության, ընդ որում, ոչ թե հերթական ընտրություններով իշխանության գալու, այլ արտահերթ ընտրություններով իշխանափոխության մասին: Որպես ազդեցիկ քաղաքական ուժ, երկրորդ քաղաքական ուժ, միանգամայն տրամաբանական է ենթադրել, որ առաջիկա ընտրություններում նա պետք է փորձեր հասնել հաջողության, բայց հիմա խոսքը գնում է արտահերթ խորհրդարանական, նախագահական ընտրությունների մասին»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե հիմա արդեն բոլոր քաղաքական ուժերն են եռյակում խոսում իշխանափոխության մասին, ի՞նչ պետք է լինի իշխանության արձագանքը, Խ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ իշխանությունն այս ամենին վերաբերվում է շատ հանգիստ՝ առանց ջղաձգումների: Երեկ՝ ընդդիմության այս բազմամարդ հանրահավաքին ոստիկանական անձնակազմը մոբիլիզացված չէր: Սա խոսում է այն մասին, որ իշխանությունները շատ հանգիստ և շատ հանդարտ են վերաբերվում այս ամենին: Սա խոսում է իշխանությունների վստահության մասին:

Կարծում եմ՝ քաղաքական մեծամասնության արձագանքն այս ամենին իր նախընտրական ծրագրերում նախանշած թեզերը, խոստումները քայլ առ քայլ, հետևողականորեն իրագործելն է: Իշխանության արձագանքը կլինի աշխատանքը: Ամեն օրվա խնդիրը լուծելու ձգտումը: Սա է լինելու արձագանքը իշխանության»:

Ըստ Խ. Հարությունյանի՝ ընդդիմությունն արդեն առավելություն ունի իշանությունների նկատմամբ, քանի որ նա կարող է իրեն թույլ տալ նույնիսկ անպատասխանատու լինել: Նրա խոսքով՝ այդպիսի անպատասխանատվության շռայլություն իշխանություններն իրենց չեն կարող թույլ տալ. «Իշխանությունը բոլոր դեպքերում պատասխանատու է: Նա սեփական պարտավորությունների նկատմամբ պետք է ավելի պատասխանատու լինի իշխանության բոլոր օղակներում: Հետևաբար, մեր՝ քաղաքական մեծամասնության վարքագիծը պայմանավորված է լինելու բացառապես հանրության առջև պատասխանատվության գիտակցմամբ»:

Իսկ մեր այն հարցին, թե նշում եք, որ իշխանությունը շատ հանգիստ ու վստահ է, արդյոք այն փաստը, որ մեծ թվով հանրություն էր հավաքվել Ազատության հրապարակում, չի՞ նշանակում, որ պետք չէ այդքան էլ վստահ լինել, վտանգ չե՞ք զգում, որ իշխանությունը կկորցնեք, Խ. Հարությունյանն այսպես պատասխանեց.

«Նախորդ հանրահավաքի համեմատ մի փոքր ավելի շատ էին: Ես չեմ ասում, որ հանրությունը հիացած է իշխանություններով, բայց հանրությունը նաև գիտակցում է, թե ով ով է, ով ինչ է իրեն առաջարկում: Երեկ հնչեց մի թեզ՝ «ժամանակն է նոր որակի իշխանությունների ձևավորման», որևէ մեկն այդ հարթակից չշարադրեց նոր որակի իշխանության որակի չափորոշիչները: Թող հռչակեն այդ չափորոշիչները: Հարթակում կանգանծներից ո՞ր մեկն է այդ չափորոշիչներին համապատասխանում, այդ ժամանակ կլինի գործնական զրույց:

Քաղաքական եռյակի նախաձեռնությունն ընդամենը բարի ցանկություն էր: Ընդ որում, նույնիսկ բարի ասելն էլ է պայմանական: Շատ ակնհայտ է, որ նրանք հանրային կյանքն առողջացնելու կոնցեպտով առաջարկներ չունեն: Նրանք ասում են՝ Սերժ Սարգսյանը թող գնա, ամեն ինչը կգա տեղը կընկնի: Այն քաղաքական շարժումը, որը ձևավորված է ընդդեմ կոնկրետ ինչ-որ մեկի, նա երբևէ քաղաքական հեռանկար չի կարող ունենալ: Ավելին, նա չի կարող ունենալ հանրային կյանքի առողջացման շատ կարևոր գործում էական նշանակություն կամ դերակատարում: Ակնհայտ է, որ ձեր նպատակը մեկն է՝ իշխանություն ցանկանած գնով, իսկ թե ինչ կլինի ժողովրդի հետ, դա հարցի երկրորդ, ընդ որում, ոչ կարևոր մասն է»:

Տեսանյութեր

Լրահոս