Ատամնաշարի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր
Բուժիչ նամակներ
Բժիշկները պնդում են, որ ուղեղի աշխատանքն ուղղակիորեն կապված է ատամների առողջության հետ. ուզում եք պահպանել հիշողությունը և տրամաբանելու ունակությունը մինչև խոր ծերություն, ուրեմն ճիշտ խնամեք ատամները։ Ատամի և լնդերի հիվանդությունները բազմաթիվ են` կարիես, պարոդոնտոզ, գինգիվիտ, արյունահոսություն և այլն։ Ակնհայտ է, որ լիակատար, առողջ ատամնաշար ունենալու համար պետք է դիմել բարձրակարգ մասնագետների։ Իմ նպատակն է` առաջարկել մի շարք ժողովրդական միջոցներ, որոնք կարող են օգտակար լինել ձեզ նաև տնային պայմաններում։
Կարիես
- Ատամի մածուկին խառնեք մեկ պտղունցի չափով կաթի փոշի, որը նաև կանխում է արյունահոսությունը լնդերից, զգալիորեն նվազեցնում է բերանի տհաճ հոտը, կանխարգելում է ատամնաքարերի առաջացումը։
- 3 ճ/գ սոխի կճեպը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 2-3 րոպե եփեք, 8 ժամ թրմեք սենյակային պայմաններում, կանոնավոր ձևով կատարեք ողողումներ օրվա ընթացքում։
Արյունահոսություն լնդերից
- Մանրացրեք, խառնեք 5 ճ/գ սոճու ասեղիկներ, 1 ական ճ/գ մասուրի պտուղ և սոխի կճեպ։ Հումքը լցրեք 1-1,5 լ եռջրի մեջ, 5 րոպե եփեք, քամեք։ Խմեք գոլ վիճակում` օրվա ընթացքում։
- Խառնեք կաղնու փոշիացրած կեղև և լորենու չոր ծաղկաբույլ (2։1)։ 1 թ/գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 3 րոպե եփեք, 30 րոպե թրմեք։ Կատարեք ողողումներ։
Շարժվող ատամներ
Պատրաստեք հետևյալ ոգեթուրմերը.
- Խնկեղեգի 30 գ չոր արմատը 2 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ։
- 30 գ ակնամոմը (պրոպոլիս) 2 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ։
Ոգեթուրմը զտեք։ 1 թ/գ ակնամոմի ոգեթուրմը խառնեք 2 թ/գ խնկեղեգի ոգեթուրմի հետ։ Մի քանի րոպե պահեք բերանի մեջ։ Խառնուրդն ամրացնում է արմատները և առաջացնում է ատամի վրա պաշտպանիչ շերտ, նաև բուժում է պարոդոնտոզը։
- Տրորեք հազարտերևուկի խոտը, մինչև արտազատվի հյութը, քսեք լնդերին։ Շարունակեք 1-2 շաբաթ։
- Մշակեք լնդերը սխտորի կտրած ատամիկով։
Ատամի ցավ
- Խառնեք հավասար քանակությամբ աղ, սոխ ու սխտոր։ Տրորեք, մինչև ստացվի համասեռ զանգված, դրեք ցավացող ատամի վրա և ծածկեք բամբակով։ Պահեք 10-15 րոպե։
- 1 ճ/գ աղը լուծեք 200 մլ գոլ ջրի մեջ, կատարեք ողողում։ Աղն ունի հակաբորբոքային ազդեցություն։
- Խոզի ճարպի (սալ) բարակ կտորը տեղադրեք այտի և հիվանդ ատամի միջև։ Պահեք 15 րոպե։
- Բամբակը թրջեք կատվախոտի ոգեթուրմի մեջ և տեղադրեք հիվանդ ատամի խոռոչի մեջ։
- Եղեսպակի 1 ճ/գ խոտը թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Կատարեք ողողումներ։ Եղեսպակին կարող են փոխարինել վաղենակը կամ դաղձը։
Այլ հիվանդություններ
Ատամնափառ. Մանրացրեք, փոշիացրեք ակտիվացրած ածուխը։ Մաքրեք ատամները օրը 1 անգամ, 2-4 րոպե։
Պարոդոնտոզ. Բովեք կերակրի աղը, խառնեք մեղրի հետ (1։2)` մինչև ստացվի համասեռ զանգված։ Խառնուրդի 1-2 գրամը լցրեք թանզիֆե փոքր կտորի մեջ և ներմերսեք լնդերը։
Լնդերի բորբոքում. Մի քանի րոպե ծամեք մեղվահաց` ուտելուց անմիջապես առաջ կամ 3 ժամ հետո, կատարեք օրը 3 անգամ։
Ստոմատիկ, սնկային հիվանդություններ. Խառնեք մեղր և ձկան յուղ (3։1), բամբակե խծուծը թրջեք համասեռ լուծույթի մեջ, մշակեք քիմքը, լեզուն, այտերի ներքին մակերեսը։ Կատարեք օրը 3-4 անգամ։
Գինգիվիտ. Գոլացրեք 250 գ շաքարակալած մեղր, խառնեք 10 գ ծաղկափոշի և 1 գ մեղվակաթ։ Խմեք 1-ական թ/գ` նախաճաշից առաջ և ընթրիքից 2 ժամ հետո։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: