
Պուտինը երբևէ ինձ չի առաջարկել մասնատել Ուկրաինան. Դոնալդ Տուսկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ իրեն չի առաջարկել բաժանել Ուկրաինայի տարածքը:
Տուսկը նման կերպ է մեկնաբանել Politico Magazine պարբերականին Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու տված հարցազրույցը, որում նա նշել էր, որ Պուտինը Մոսկվայում Տուսկի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է մասնատել Ուկրաինան՝ ընդգծելով, որ Ուկրաինան արհեստական պետություն է, և որ Լվովը լեհական տարածք է:
Տուսկը հայտարարել է, որ Պուտինն իր հետ ունեցած հանդիպումներից և ոչ մեկում էլ չի արել նման առաջարկ: Տուսկը մանրամասնել է, որ Սիկորսկու մատնանշած հանդիպումը չի եղել տետ-ա-տետ ձևաչափով, և որ այն անցել է նեղ շրջանակով՝ յուրաքանչյուր կողմից 4-5 հոգով:
Տուսկը հայտարարել է, որ իր համար այդ գործը փակված է, քանի որ Սիկորսկին ընդունել է, որ սխալվել է: