Որ վարչական շրջաններում են ամենից շատ ամուսնալուծվում
2013 թվականի ընթացքում Երևանում գրանցվել է 7007 ամուսնություն և 1642 ամուսնալուծություն։ Ինչպես փաստում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2014» զեկույցի տվյալները՝ ամուսնությունների թիվը 2012-ի համեմատ նվազել է 111-ով, իսկ ամուսնալությունների թիվը՝ ավելացել 163-ով։
Այսպիսով, Երևանում ամուսնալուծություններ/ամուսնություններ հարաբերակցությունը աճում է և 2013թ. կազմել է 23.4%։ Եթե, պայմանականորեն ասած, դա անվանենք ամուսնալուծության հակվածություն, ապա ըստ մայրաքաղաքի վարչական շրջանների առաջին տեղում Արաբկիրն է։ Այստեղ 2013թ. գրանցվել է 709 ամուսնություն և 218 ամուսնալուծություն։ Հարաբերակցությունը 30.7% է։
Երկրորդ տեղում Նոր Նորքն է (29.6%), երրորդում Կենտրոնը (28.6%)։
Ամուսնալուծությանն ամենից քիչ հակված են Դավթաշենում (13.8%), Ավանում (11.7%) և Նուբարաշենում (11.6%)։